Ցոլակյանը հիշեցնում է ԱԱԾ-ի և ոստիկանության վերաբերյալ օրինագծի մասին իր տեսակետը

ԱԻՆ-ում  հրավիրված ասուլիսում 168.am-ը նախարար Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում ԱԺ ներկայացված օրինագծին, համաձայն որի՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնը զբաղեցնող անձինք պետք է համապատասխանեն այն չափանիշերին, որոնք սահմանված են պատգամավորների և կառավարության անդամների պարագայում, ինչն էլ նշանակում է, որ այդ կարևորագույն պաշտոններին կարող են նշանակվել 25 տարին լրացած, բարձրագույն կրթություն չունեցող, ուժային այդ համակարգերի հետ կապ չունեցող անձինք:

Ֆելիքս Ցոլակյանն այս օրինագծի վերաբերյալ մեկնաբանությունից խուսափեց՝ ասելով. «Ես ասացի, որ չեմ մեկնաբանում այս հարցերը: Ես դրա մասին արտահայտվել եմ, հայտարարել եմ, կարող եք իմ հայտարարությունը վերցնել, նայել և տեսնել, թե ինչ եմ ասել դրա հետ կապված: Դրա բացատրությունը ես տվել եմ: Վերցրեք և նայեք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻ նախարարը  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ-ում ու Ոստիկանությունում պետք աշխատեն այդ համակարգերում գոնե որոշակի փորձ ունեցող մարդիկ:

«Նախ առաջինը՝ քաղաքական գործիչներ չպիտի լինեն։ Նրանք քաղաքականության հետ պետք է ընդհանրապես կապ չունենան։ Ապաքաղաքական կառույցներ պետք է լինեն դրանք, որովհետև այնտեղ պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում»,- նշել էր Ցոլակյանը։

Կարդացեք նաև

ԱԻՆ աշխատակիցների պարգևավճարների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ վերջին անգամ սեպտեմբերի 4-ին են պարգևավճար տվել: Ինչ վերաբերում է պարգևավճարների չափին, ապա նա ասաց. «Մեկին՝ շատ, մյուսին՝ քիչ: Մեկին լրիվ աշխատավարձ ենք տվել՝ 100 տոկոս, մի մասին՝ 70 տոկոս, մի մասին էլ՝ 50»:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս