««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում նույնիսկ «ինքնաբացարկ» բառը չեք գտնի». Արթուր Հովհաննիսյան
Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ նախագծի ու դրա շուրջ զարգացումների մասին 168.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի հետ:
-Վերջին օրերին Ազգային ժողովում ընթանում են Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ նախագծի քննարկումները: Ի՞նչ եք կարծում, գործընթացը բացառապես իրավակա՞ն է, թե՞ նախագծի հիմքում նաև քաղաքական բաղադրիչը կա:
-Հարցի պատասխանը միանշանակ է: Այստեղ ես տեսնում եմ այս գործի բացառապես քաղաքական ֆակտորը, և զուտ քաղաքական հետապնդումներ են՝ ուղղված ՍԴ դատավորին, հստակ նպատակաուղղված հետապնդում, և այս ամեն ինչի վերջնական արդյունքն այն կլինի, որ ՍԴ-ն դառնա նույնպիսի գրպանային դատարան, և ցանկացած կարևորագույն քաղաքական որոշում հետագայում ստանա ՍԴ իրավական, դրական փաստաթուղթը: Ամբողջ այս գործընթացը դրան է ուղղված, և ես կարծում եմ, որ այստեղ որևէ իրավական հիմք չկա: Որևէ հիմք քննադատությանը չի կարող դիմանալ:
Ազգային ժողովը բարոյական նորմերով չի առաջնորդվելու որևէ դատավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելիս: Հստակ պետք է շարժվեն միմիայն իրավական հիմքերով, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը հստակ ներկայացնում է այն հիմքերը, թե ե՞րբ կարող է ԱԺ-ն դիմել ՍԴ և բարձրացնել ՍԴ դատավորի պաշտոնանկության հարցը:
Եթե անդրադառնամ իրավական հիմքերին, ապա ի սկզբանե հենց որ ԱԺ-ում այս նախագիծը քննարկման առարկա դարձավ, արդեն իսկ բաց էին թողնված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետները: Նույն ԱԺ կանոնակարգով ասվում է, որ նման որոշման նախագիծ կարող է ներկայացվել խախտումը հայտնաբերելու պահից երկշաբաթյա ժամկետում: Շատ կարևոր է՝ հասկանանք, թե այդ ենթադրյալ խախտումը, որն իբր Հրայր Թովմասյանը կատարել է, ե՞րբ է կատարվել, արձանագրվել, և ե՞րբ է ի հայտ եկել որպես խախտում: 2019թ. հունսի 21-ին ՍԴ-ն ընդունեց աշխատակարգային որոշում և վարույթ ընդունեց Ռոբերտ Քոչարյանի համապատասխան դիմումը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն ասում է, որ դատավորի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության հարցը լուծվում է հենց գործը վարույթ ընդունելու որոշման հետ մեկտեղ: Սա արվում է, որպեսզի գործը վարույթ ընդունելու որոշումից առաջ պարզ լինի, թե այս կամ այն դատավորն ունի՞ անհնարինության խնդիր, թե՞ չէ, որ հենց գործի վարույթ ընդունելու որոշմանն էլ այդ դատավորը չմասնակցի, եթե նրա մասնակցության անհնարինությունը կա, քանի որ մի դատավորի ձայնի տարբերակմամբ կարող է հարց լուծվել՝ կամ որոշումն ընդունվի, կամ չընդունվի:
Փաստորեն, մենք ունեցանք աշխատակարգային որոշում, որով գործը վարույթ ընդունվեց, որի մեջ կա Հրայր Թովմասյանի ստորագրությունը, այսինքն՝ մասնակցել է վարույթի ընդունման որոշմանը, և զուգահեռ կա որոշում, թե ով չէր մասնակցելու վարույթներին:
Այսինքն՝ այդ պահին արդեն ենթադրյալ խախտումը, որը նշված է ԱԺ նախագծի մեջ, արդեն ի հայտ է եկել: Հետևաբար, հունիսի 21-ից հետո խմբակցությունն ուներ երկու շաբաթ ժամանակ: Դրանից հետո որոշման որևէ նախագիծ շրջանառության մեջ դնելը ուղղակիորեն հակասում է ԱԺ կանոնակարգին:
Այս ամենը՝ մի կողմ: ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով մեկ այլ գործ քննել էր և վերջնական որոշում կայացրել էր դեռևս 2019թ. մայիսին, որը վերաբերում էր Քրեական դատավարության օրենսգրքի այն հոդվածին, թե արդյո՞ք միջանկյալ դատական ակտերի վերաբերյալ, եթե կա վճռաբեկ բողոք, Վճռաբեկ դատարանը գործը կարո՞ղ է ուղարկել Վերաքննիչ դատարան, թե՞ Վճռաբեկ դատարանը վերջնական որոշում ինքը պետք է կայացնի: Այս գործով ևս դիմորդը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էր, և մնացած բոլոր փաստարկները, բնականաբար, կան, ուրեմն ինչո՞ւ մայիսին ևս այս որոշման վերջնական կայացումից հետո Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարց չբարձրացվեց: Այստեղ նորից տեսնում եմ քաղաքական էլեմենտ: Որովհետև այդ որոշումը Ռոբերտ Քոչարյանի՝ կալանավորումից ազատելու հետ ուղղակիորեն կապված չէր, և այդ ռիսկը չկար, և հավանաբար հենց դրա համար այս որոշումից հետո որևիցե քայլ չձեռնարկվեց:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ այս օրերին քննարկման առանցքում դրված է փաստաբան Արամ Օրբելյանի և Հրայր Թովմասյանի բարեկամական կապի հարցը, և ամեն դեպքում ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացրել է, այսինքն՝ որպես կողմ հանդես է եկել Արամ Վարդևանյանը:
-Ես որոշման նախագիծը նայել եմ, և այնտեղ մոտ 30 էջ նվիրված է քավոր-սանիկ հարաբերությունների կարևորությանը, ռիսկերին, այսինքն՝ փնտրման համակարգով datalex.am-ում գտել ու այս կամ այն դատական նիստերից մեջբերումներ են կատարել: Ես էլ նույն կերպ կարող եմ օրինակներ բերել, որ քավոր-սանիկ իրար սպանել են, մեծ գումարների հարց են ունեցել և շատ ուժեղ թշնամական հարաբերություններ: Այսինքն՝ չեմ հասկանում՝ այս բովանդակությամբ նյութն ի՞նչ իրավական հիմքեր ունի: Սա լիրիկայի, ինչ-որ հոգեբանական ազդեցություն ունենալու ժանրից է: Այստեղ մեր իրավաբանական հանրության համար շատ կարևոր է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ինքնաբացարկի ինստիտուտն այլ կերպ է կարգավորված, քան «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում նույնիսկ «ինքնաբացարկ» բառը չեք գտնի: Դատական օրենսգրքում է, որ դատավորի վրա կա դրված հստակ պարտականություն հայտնել ինքնաբացարկ, եթե իր որոշումը օբյեկտիվ դիտորդի համար կարող է կասկած հարուցել:
Ներկայացված հիմքերը շաը թույլ են, և միայն այն, որ փաստաբան Արամ Օրբելյանն այս գործով ներկայացուցիչ չի եղել, բավարար է ասել, որ այդ հիմքը զրոյանում է:
Կա ևս մի հանգամանք: արդյոք եթե դատավորն իր անհնարինության հարցը չի բարձրացնում, այդ արարքը կարգապահական խախտում է թե ոչ, և եթե նույնիսկ՝ այո, արդյո՞ք էական կարգապահական խախտում է, որ նրա լիազորթւթյունները դադարեցվեն:
Պետք է տեսնել, թե արդյոք որևէ դատավոր երբևէ ինքնաբացարկ չհայտնելու համար ենթարկվե՞լ է կարգապահական խախտման, այսինքն՝ դա դիտարկվել է որպես էական կարգապահական խախտո՞ւմ: Իհարկե, ոչ: Կա հակառակը: Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկել ինքնաբացարկ հայտնելու համար:
-Էական կարգապահական խախտման հարցը քննարկելու համատեքստում ինչո՞ւ իշխող ուժը ընթացք չի տալիս ոչ պակաս տեսանելի կարգապահական խախտմանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի պարագայում, որն իր ընտրության պահից, ստանալով աշխատավարձ ու օգտվելով ՍԴ դատավորի համար նախատեսված բոլոր սոցիալական երաշխիքներից, ըստ էության նիստերի չի գնում ու չի աշխատում:
-Եթե ես այս ամենին նայեի իրավական հարթության մեջ, այլ ձև կհիմնավորեի, թե ինչո՞ւ չեն գնում Վահե Գրիգորյանի հետևից և նրա լիազորությունների դադարեցման հարց բարձրացնում: Ընդամենը պետք է նայել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով էական կարգապահական խախտումը ո՞րն է: Մեկ տարվա ընթացքում բացակայությունների քանակն է, կարգապահական տույժ կամ խիստ նկատողություն ստանալուց հետո ևս մեկ կարգապահական խախտում անելն է և այլ հիմքեր: Այսինքն՝ այն, որ նա մի քանի ամիս առաջ ընտրվելով ու նիստերին մի քանի անգամ չմասնակցելով՝ դա էական կարգապահական խախտում չի կարող դիտվել, որ այդ հարցը բարձրացնի Ազգային ժողովը: Ինձ համար հարց է ծագում, թե ինչո՞ւ ՍԴ-ում 3 դատավորներ այդ հարցը չեն բարձրացնում ու գոնե կարգապահական պատասխանատվության հարց չեն քննարկում: Այս պահին ինձ համար հասկանալի է, թե ինչո՞ւ դա չի արվում, բայց այնուհանդերձ, ես կարծում եմ, որ եթե շարունակվի ՍԴ դատավորի նման վարքագիծը, այս հարցը դառնալու է օրհասական, որովհետև չպիտի պետության, հարկատուի հաշվին ՍԴ դատավորը ստանա վարձատրություն, սակայն չմասնակցի նիստերին: Ի՞նչն է պատճառը:
-Իսկ ինչո՞ւ ՍԴ-ում այդ հարցը չեն բարձրացնում:
-Ես չեմ կարող ասել: Շատ լավ առիթ որ լինի, Դուք այդ մասին ՍԴ դատավորներին հարցրեք:
-ՄԻԵԴ-ը երեկ վարույթ ընդունեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Արդյո՞ք սա մի կողմից չի նշանակում, որ ՄԻԵԴ-ը մի կողմից ընդունում է գործող ՍԴ-ի լեգիտիմությունը, իսկ մյուս կողմից՝ խոսում այն մասին, որ ՍԴ դիմելու հետ կապված աղմուկն ամեն դեպքում հիմնազուրկ էր:
-Ես որևէ իրավական մեկնաբանություն չեմ տեսել, որ ՍԴ-ն չէր կարող դիմել ՄԻԵԴ: Ընդհակառակը, իրավաբանները գտնում են, որ ՍԴ-ն իրավունք ունի դիմել ՄԻԵԴ, և ճիշտ է, պրակտիկան այդքան զարգացած չէ, նորույթ է սա, բայց դա իրավական ընթացակարգ է, որն իրավական հիմքեր ունի: Այլ հարց է, որ նույն ՄԻԵԴ դիմելու հետ կապված՝ պատգամավորներից մեկը («Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան-Գ.Ս.), որ հենց դա էր ՍԴ նախագահի նկատմամբ հետապնդումները սկսելու քաղաքական դրդապատճառը: Հենց սրանով է հիմնավորվում, որ սա ամբողջությամբ քաղաքական պատվեր է ու քաղաքական գործընթաց:
-Իշխող քաղաքական ուժն ասում էր, որ ՄԻԵԴ դիմումը ընթացակարգերի խախտմամբ է ուղարկվել, որ ՍԴ-ում չի գրվել անգամ, այլ բոլորովին այլ տեղ:
-Ես չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում՝ «չի գրվել ՍԴ-ում» նախադասությունը: Այսինքն՝ ՍԴ-ի շենքում չի՞ եղել, որևէ աշխատող տա՞նն է գրել, դատավորը չի՞ գրել, թե՞ թելադրել է, իր մտքերն ասել է, և ՍԴ աշխատակազմը կամ խորհրդականներն են կազմել այն: Ո՞վ ասաց, որ դատական ակտի նախագիծը վերից վար պետք է դատավորը գրի: Նման պահանջ էլ չկա: Այստեղ կարևորն այն փաստաթուղթն է, որը ստորագրվում է ՍԴ դատավորների կողմից և այդ պահից սկսած՝ այդ թուղթը դառնում է ՍԴ ակտ: Մնացած ոչինչ կարևոր չէ և կապ չունի փաստաթղթի իրավաչափության հետ: Եվ, բնականաբար, ՄԻԵԴ-ը չէր կարող վարույթ ընդունել-չընդունելու հարցը քննելիս քննարկման առարկա դարձնել դա:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ հանգուցալուծում կունենա այս խնդիրը:
-Հուսով եմ, որ այնուհանդերձ ԱԺ-ում կան խելացի պատգամավորներ և հասկանում են, թե այս ամեն ինչը՝ ուր կտանի, և հույսս քիչ է, բայց ուզում եմ հուսալ, որ առհասարակ չի հավաքի անհրաժոշտ կողմ ձայներ, որ գնա Սահմանադրական դատարան: Իսկ երբ գնա ՍԴ, ինձ համար շատ հետաքրքիր կլինի կարդալ ՍԴ որոշումը, որովհետև շատ հետաքրքիր է, թե ինչպես է մեկնաբանվելու այն հարցը, որ նույն դատավորը մեկ այլ գործով բոլոր մյուս դատավորների հետ մասնակցել է մի նիստի, և դրա համար երբևէ որևէ ՍԴ դատավոր չի բարձրաձայնել: Նույնիսկ Վահե Գրիգորյանն իր հայտնի միջնորդության մեջ, երբ թվում էր, թե ՍԴ երեք դատավորներն ինչու չպետք է մասնակցեն, չի նշել, որ Հրայր Թովմասյանը չպիտի մասնակցի, որովհետև Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ կան: Այսինքն՝ ՍԴ-ն մասնակցում է մի քննության, որին մասնակցում է նաև Հրայր Թովմասյանը, բոլոր դատավորների համար որևէ հարց, կասկած չի բարձրանում՝ կապված Հրայր Թովմասյանի մասնակցության հետ, և հետագայում ՍԴ-ն պետք է մի հարց քննարկի. մեր միջից այն դատավորը, որը մեզ հետ այն ժամանակ մասնակցում էր, ու ոչ մեկիս մտքով էլ չանցավ, որ ինքը չպիտի մասնկացի, այ եկեք նրան պատժենք, որովհետև ինքն ամեն դեպքում պիտի ասեր: Եկեք հասկանանք՝ միգուցե նրա լիազորությունները պետք է դադարեցվի՞: Այսինքն՝ այս ամեն ինչի արդյունքում ինձ հետաքրքիր է, թե ՍԴ-ն ինչպես պետք է պատժի այն մեկ դատավորին, որի հետ բոլոր մյուս դատավորներով այդ հարցը քննարկել են:
-Այսօր նախագծի զեկուցող Սուրեն Գրիգորյանն ասաց, որ այս գործով ցանկացած որոշում կայացնելիս ՍԴ-ն պետք է պատճառաբանի այն ու իրավաբանորեն հիմնավորի: Տեսականորեն հնրավո՞ր է, որ ՍԴ-ն կայացնի չպատճառաբանված ու իրավաբանորեն չհիմնավորված վճիռ:
-Որևէ մեկը չի կարող քննարկման առարկա դարձնել Սահմանադրական դատարանի որոշման որակը, ասել, որ ինչ-որ բան չկա, թերի է, լավն է, վատն է: ՍԴ-ն սահմանադրական արդարադատություն իրակնացնող մեր բարձրագույն ատյանն է, և նրա որոշումը պարտադիր է բոլորի համար, և նրա որոշումը, այո, պատճառաբանված է, ունի եզրափակիչ մաս՝ անկախ նրանից, թե ով ինչ կարծիքի է, որովհետև այն բողոքարկման ենթակա էլ չի և վերջնական է, և պարտավոր են կատարել բոլորը: Հետևաբար որևիցե մեկը չի կարող ասել՝ իմ կարծիքով այս ակտն այնքան էլ պատճառաբանված չէր, դրա համար էլ ես նորից եմ դիմում: Չկա նման բան: Կա բարձրագույն ատյան, կայացրեց ակտ, ուրեմն այդ ակտը վերջնական է և ամողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանն ու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ