Բաժիններ՝

Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրենը նախարարությունից պահանջում է հրապարակավ ներողություն խնդրել

Դատարանն անվավեր է ճանաչել մշակույթի նախարարի՝  Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը: Դատական ակտը հրապարակվել է հուլիսի 4-ին և ուժի մեջ է մտել օգոստոսի 4-ին:

Արձանագրվել է, որ նրան աշխատանքից ազատելու հրամանը խախտմամբ է տրվել, և Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)) տուգանել են 800.000 դրամով ու չեղյալ են համարել հրամանը:

Որոշման մասին  Գայանե Կարապետյանը տեղյակ է պահել նախարարությանը, սակայն մինչ օրս փոխհատուցում չի կատարվել:

«Իմ վերջնահաշվարկը դեռ չեն տվել, իսկ Լիլիթ Փալանջյանն էլ 10 միլիոն պարտք է կուտակել: Փաստորեն, նա գալիս է տնօրեն, որ ժողովուրդն աշխատի, իր պարտքը փակի: Փորձում են նաև կոծկել ՀՀ վարչապետին խաբելու փաստը: Թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանն ասում է, որ տուգանքը կուտակվել է, քանի որ ես ընդունում-հանձնում չեմ արել: Փետրվար ամսից ես կնիքը հանձնել եմ ոստիկանություն, քանի որ մինչև դատարանի վճիռը չէի ստացել իմ ազատման հրամանը: Այդ ժամանակ կարող էին ընդունում-հանձնում կատարել:

Այս մասին տեղյակ է եղել Մշակույթի նախարարությունը, բայց ապրիլին վարչապետին պատասխան են ուղարկում, որ  տնօրենը կնիքը չի հանձնել, իսկ այն փետրվարի 22-ին հանձնված է եղել: Խաբել են նաև վարչապետին՝ նրան ու աշխատակազմին սուտ տեղեկատվություն տալով: Դիմում ենք նախարարություն՝ ասում են, քանի որ տնօրենը չի հանձնել կնիքը, մինչև Լ.Փալանջյանի հետ փոխհարաբերություններ չստեղծեք՝ ձեզ աշխատավարձ չենք տալու: Պայման են դրել, էլի: Նրա պայմանագրի ժամկետը լրացել է, 6 ամսում պետք է  մրցույթ հայտարարեին, բայց չեն արել:

Լիլիթ Փալանջյանը, հանձին Մշակույթի նախարարության՝ պարապուրդի է մատնել թատրոնը, իսկ նման որոշում չկար: Մայիսի 22-ին նոր հարկայինում որպես տնօրեն է գրանցվել, սակայն չի եկել թատրոն»,-  168.am–ի հետ զրույցում ասաց Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը:

«Իմ պահանջն է՝ տալ գումարը, հրապարակավ ներողություն խնդրել ինձանից՝ հեղինակությանս հետ խաղալու համար: Ինչ վերաբերում է տնօրենին, և եթե իմ անձի հետ է կապված խնդիրը, ապա թատրոնի անձնակազմը կարծում  է, որ Լիլիթ Փալանջյանից փորձառու, տաղանդավոր է թատրոնի փոխտնօրեն Արա Թևոսյանը, ով խորեոգրաֆ է նաև: Թող տնօրենի պարտականությունները նա կատարի, ո՞վ է Լիլիթ Փալանջյանը»,- հավելեց նա:

Նշենք, որ Գայանե Կարապետյանը Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականից մինչև 2018 թվականի դեկտեմբեր։ Մշակույթի նախարարությունը հրաժարվել է երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը, և հունվարի 9-ից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բալետի պարուհի Լիլիթ Փալանջյանը: Գայանե Կարապետյանի խոսքով՝ թատրոնի ժամանակավոր պաշտոնակատարի անգործության պատճառով հարկային դաշտում կուտակվել են 9 ամիսների հաշվետվությունների տույժ-տուգանքները:

Անի Կարապետյան 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս