Բաժիններ՝

«Իրատեսական է, եթե ծնելիության խթանման հստակ ծրագրեր լինեն». ժողովրդագիրը՝ ՀՀ բնակչությունը 5 միլիոնի հասցնելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում, օգոստոսի 5-ին մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հավաքին և հանդես եկել ելույթով։

Նա նշել է, որ համազգային քննարկման է ներկայացնում ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը՝ խնդիրներ, որոնք Հայաստանը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։

Դրանցից մեկը Հայաստանի բնակչությունն առնվազն 5 միլիոնի հասցնելն է: Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս 2017թ. նոյեմբերին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն էր անցկացրել, որին մասնակցել են վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետը, այլ պաշտոնյաներ, և հայտարարել էր, որ մինչև 2040թ. Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակ է դրվել, որը դժվարին, բայց իրականանալի խնդիր է:

Ժողովրդագիր Արտակ Մարկոսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ՀՀ բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի, այն դեպքում, որ որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ կանխատեսվում է, որ մինչև 2025 թվականը Հայաստանի բնակչությունը կավելանա 15.000-ով, այնուհետև շարունակաբար կնվազի՝ հասնելով 2 միլիոն 816 հազարի, այսինքն` մոտ 150 հազարով բնակչության թվաքանակը կնվազի, նա պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ամեն ինչ էլ հնարավոր է: Այս աշխարհում ոչ մի բան չպետք է բացառել»:

Հարցին՝ ո՞ր դեպքում է հնարավոր հասնել 5 միլիոնի, Արտակ Մարկոսյանը նկատեց.

«Մի քիչ բարդ է, բայց մենք 30 տարվա կտրվածքով չենք կարող կանխատեսել, թե աշխարհում ինչ գործընթացներ կարող են տեղի ունենալ: Սա մի քիչ երկար ժամանակահատվածի համար է, բայց չպետք է բացառել այն, որ Հայաստանն իսկապես կլինի այն տեղը, որտեղ ոչ միայն հայերի, այլև օտարերկրացիների համար հարմարավետ կլինի ապրելը: Երբեք մի ասա՝ երբեք. այս տարբերակը կարող ենք այս դեպքում օգտագործել: Հիմա ծնելիության խթանման, ինչպես նաև գյուղական բնակավայրերում երիտասարդ ընտանիքների համար իրագործելի ծրագրեր են մշակվել, որոնք դեռևս քննարկման փուլում են:

Իրատեսական է, եթե ծնելիության խթանման հստակ ծրագրեր լինեն, ինչպես նաև հստակ քաղաքականություն և ռազմավարություն պետք է ունենալ, որպեսզի մարդկանց կարողանաս ինտեգրել քո հասարակություն:

Աշխարհը շատ արագ է զարգանում, այն շատ շարժունակ է այսօր դարձել, մարդիկ տեղից տեղ են գնում: Մենք գնում ենք դրսում ապրելու, մեզ ընդունում են, չէ՞, ի՞նչ է, ասենք՝ այստեղ մի եկեք, մի ապրեք: Եթե մարդը ցանկություն է հայտնում այստեղ գալ, ապրել, կարողանում է բիզնես դնել, գործունեություն ծավալել, օգուտ տալ երկրին, ասենք՝ մի եկե՞ք: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում, խոսում են ջրի պակասի մասին, հասկանում ենք, որ մոտակա 20-30 տարիների ընթացքում ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանալու, այսինքն, կարող է ինչ-որ դեպք լինի որևէ տարածաշրջանում, ու նրանք ցանկանան գալ և ապրել Հայաստանում: Էկոլոգիայի աղտոտում է գնում… այսինքն, ոչ մի բան պետք չէ բացառել, նույնիսկ այն, որ Հայաաստանը կարող է իդելական ապրելու վայր լինել: Իսկ նման վայր դառնալու համար գյուղատնտեսությունը, տուրիզմը, բարձր տեխնոլոգիաները, արդյունաբերությունը պետք է զարգանա»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս