Բաժիններ՝

«Ցանկանում եմ, որ հանրությունն իմանա, թե ով ղեկավարում ՀՊՏՀ-ն». դասախոսները՝ ընդդեմ բուհի նոր կանոնակարգի

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վեցամսյա պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նա շարունակում է պաշտոնավարել:

Վերջինիս պաշտոնավարումն ու այդ պաշտոնավարման ընթացքում բուհում սկսված գործընթացները լուրջ տարաձայնություններ են առաջացրել ՀՊՏՀ-ում: Համալսարանի մի խումբ դասախոսներ նույնիսկ հայցադիմում են ներկայացրել ընդդեմ բուհի։

Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը։

«ՀՊՏՀ-ում մշակվել է գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կարգ, որի հիման վրա հայտարարվել է մրցույթ՝ կրկին ապօրինի:

Կարդացեք նաև

Կարգի վերաբերյալ բացասական կարծիք են հայտնել մեր բուհի առանցքային մի շարք ամբիոններ»,- խնդրի էությունը լրագրողներին հակիրճ ներկայացրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Արմեն Ղարախանյանը:

Նշենք, որ ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթ է անցկացվել  հենց նույն՝ Տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման նոր կանոնակարգի համաձայն։ Մրցույթի համար դիմել էին շուրջ 450 դասախոսներ, որոնցից շատերը, այդ թվում՝ դատարան դիմած 7 դասախոսները, դուրս էին մնացել բուհից։

«Ելնելով այս իրողությունից՝ մի շարք դասախոսներ դիմել ենք տարբեր պատկան մարմինների՝ ՄԻՊ գրասենյակ, ԿԳՆ, բաց նամակով հանդես ենք եկել՝ ուղղված ՀՀ վարչապետին, արձագանք չենք ստացել»,- հավելեց Ա . Ղարախանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4–ին Երևան քաղաքի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանն էլ օրեր առաջ որոշում էր կայացրել բավարարել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 17 դասախոսների ներկայացրած՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը և արգելել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման» կանոնակարգի գործունեության մեջ դնելը: Այս որոշումը, սակայն, դատավորն ավելի ուշ փոփոխել էր։

Բուհի ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները սեպտեմբերից կկիրառվեն ամբողջ ծավալով:

Ի դեպ, վերջինի մասով ռեկտորի ժ/պ-ն նույնիսկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով.

«Ինչպես խոստացել էինք, Տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմն այս տարվա սեպտեմբերից էապես և շոշափելիորեն բարելավվելու է: Մրցութային կանոնակարգի կարճաժամկետ արգելանքը հանվել է, ինչի շնորհիվ մրցույթի արդյունքները կկիրառվեն ամբողջ ծավալով: Բազմիցս ասել եմ՝ այս գործընթացն ակնհայտ անհրաժեշտություն է և չունի այլընտրանք»:

Դատավորի նման պահվածքը լուրջ վրդովմունք է առաջացրել դասախոսական անձնակազմի մոտ: Նրանք սկսել են անգամ վիճարկել ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի դոկտորականի՝ ընդունված պահանջներին համապատասխանությունը:

ՀՊՏՀ դասախոս Գագիկ Ասլանյանը հայտարարեց, որ ցանկանում է, որ հանրությունը իմանա, թե ով է ղեկավարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ապա ներկայացրեց բազմաթիվ օրինակներ, որոնք, ըստ  նրա՝ հավաստում են, որ ռեկտորի ժ/պ Ռ. Հայրապետյանի ատենախոսությունն արտագրված է և չունի գիտական նորույթ:

«Աշխատանքը ներածությունով հանդերձ շարադրված է 300 էջի վրա, որից շուրջ 60 էջ թարգմանված արտագրություններ են, մի մասը՝ ուղիղ թարգամանություններ, իսկ մի մասը՝ խմբագրված, որոնք առկա են աշխատանքի 7 ենթագլուխներում»,- նշեց նա՝ էջ առ էջ, տող առ տող ցուցադրելով այն համընկնումները, որոնք, ըստ նրա,  առկա են ատենախոսության և համապատասխան գրականության միջև:

Հիշեցնենք, որ օրեր առաջ սույն մեղադրանքներին անդրադառնալով՝ ռեկտորը նշել էր.

«Ընդհանուր առմամբ, տեսնելով մեր գործընկերների վարքագիծը` ինձ համար ակնհայտ է դառնում, թե այդ գործողություններն ինչի համար են արվում և ինչ նպատակներով: Խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք դասախոսների մրցութային ընտրությունից դժգոհ են և դատական կարգով են փորձում վիճարկել որոշումները, բացի դրանից, փորձում են ամեն տեսակի մեթոդ գտնել, որպեսզի ազդեն գործընթացների վրա ու կարողանան հասնել իրենց նպատակին: Ծանոթանալով այն դիտարկումներին, որ ներկայացված են, ասեմ, որ դրանք իրականում անհասկանալի և անընդունելի են, որովհետև 90 տոկոսը վերաբերում է գրականության ամփոփմանը, այսինքն` ոչ թե հետազոտության հիմնական մասին»:

Ի դեպ, ասուլիսին ներկա դասախոսները, ինչպես տեղեկացրին, ռեկտորի ժ/պ-ի դասախոսներն են. «Մեզ համար զավեշտալին և զարմանալին այն է, որ իրեն դասավանդած դասախոսների մի մասը հայցադիմում ներկայացնողներն են, մի մասն էլ դուրս են մնացել»:

Հարցին, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակում չկա հենց բուհի, այդ թվում` դասախոսների մեղքը, Գ.Ասլանյանը պատասխանեց, որ ամենի սկիզբը դրել է բուհը, նախկին ղեկավարությունը:

Եվ վերջում, կրկին ռեկտորի պաշտոնավարման մասին. լրագրողների հարցին, թե ինչու է Ռ. Հայրապետյանը պաշտոնավարում, եթե ժամկետներն ավարտված են, դասախոսներն ի պատասխան՝ խնդրեցին ճշտել ԿԳՆ-ից:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս