«Համալսարանը չպետք է դառնար քավության նոխազ». Արամ Սիմոնյանն ափսոսում է միայն կիսատ թողած գործերի համար
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարականից հետո շարունակում է զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը։
Հարցին՝ ի վերջո, քաղաքական դիրքորոշումնե՞րն էին պատճառը, որ հրաժարական ներկայացրեց, թե՞ կային այլ հանգամանքներ, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ շատ հանգամանքներ կային , բայց գլխավորն իր ցանկությունն էր, ըստ որի՝ հրաժարական ներկայացրեց։
Թե կոնկրետ ի՞նչ հանգամանքներ կային, Արամ Սիմոնյանը չասաց։«Ես տեսա, որ իմ մնալը վտանգում է համալսարանի հետագա ընթացքը և համալսարանի 100-ամյակի տոնակատարությունը, այդ պատճառով էլ որոշեցի, որ համալսարանը չպետք է դառնա քավության նոխազ։ Հրաժարական ես իմ ցանկությամբ պետք է տայի, այլ ոչ թե՝ ուրիշների ուզելով։ ԵՊՀ-ի տոնակատարությունները լինելու են դեռ սեպտեմբերին, հիմնական միջոցառումները նախատեսված են այդ ժամանակ»,- ասաց Արամ Սիմոնյանը։
Նա խոստովանեց, որ ափսոսում է միայն կիսատ թողած գործերի համար, իսկ հրաժարական տալու համար որևէ ափսոսանք չկա։
«Ինքս այժմ զբաղվում եմ գիտական ու դասախոսական աշխատանքով, նոր հաճելի պահեր եմ ապրում՝ հոգսերից շատ ազատ»,- շեշտեց Արամ Սիմոնյանը։
Արամ Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ այն, ինչ կատարվում է համալսարանում, որևէ բան իրեն չի հետաքրքրում՝ բողոքի ակցիաներ, այս կամ այն կենտրոնի լուծարում, և այլն, քանի որ զբաղված է հայագիտական աշխատանքով։
Նա դժվարացավ ասել, թե ում է տեսնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում: «Ում ընտրի հոգաբարձուների խորհուրդը, նա էլ թող դառնա, ինքս վստահելու որևէ խնդիր չունեմ, այդ ամենից ես ազատ եմ, ինքս նախընտրելի թեկնածու չունեմ»,- նշեց Արամ Սիմոնյանը։
168.am–ի հարցին, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ միշտ հայտարարել են, որ իր օրոք համալսարանը կուսակցականացված է եղել, այսօր այդ խնդիրը լուծվե՞լ է, Արամ Սիմոնյանը պատասխանեց, որ նման խնդիր երբեք չի եղել և այսօր էլ չկա: «Այդ ամենն արհեստածին մտածած բան է»,- եզրափակեց Արամ Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել մայիսի 23-ին։
Զվարթ Խաչատրյան