«Բոլորը քննարկում են անցումային արդարադատության հեռավոր ալբանական փորձը, բայց չեն քննարկում մեզ շատ մոտ վրացական կործանարար փորձը». Երվանդ Բոզոյան
Երկրում անցումային արդարադատության, մասնավորապես, վեթինգի իրականացմանն առնչվող մասնագիտական քննարկման ժամանակ «Դիալոգ» հայկական փորձագիտական կենտրոնի նախագահ Երվանդ Բոզոյանը նշեց, որ չնայած գեղեցիկ փաթեթավորմանը՝ անցումային արդարադատությունն իրականում էլիտաների փոփոխության արդյունք է, որովհետև իշխանության գլուխ եկած նոր էլիտան համարում է, որ նախկինը հանցագործ էր, և ինքը պետք է արդարություն հաստատի երկրում, և չի բացառվում, որ դրա արդյունքում ստեղծվի տոտալ բռնատիրություն։
Որպես օրինակ՝ բանախոսը բերեց ստալինյան բռնատիրության ժամանակաշրջանը, երբ անցումային արդարադատության արդյունքում 11500 դատավորներ ու դատախազական համակարգի աշխատակիցներ ու 1.5 միլիոն մարդիկ գնդակահարվեցին։ Այսինքն՝ քիչ թե շատ լիբերալ համակարգից անցում կատարվեց տոտալ բռնատիրական համակարգի։ Նշվեց նաև հիտլերյան բռնատիրության տարբերակի մասին։
«Կան նաև անցումային արդարադատության դրական փորձեր, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան երկրները շատ հաջող փորձ իրականացրին, որովհետև այդ երկրներն իրենց ներքին կյանքով չէին համակերպվում խորհրդային իմպերիայի կենսակերպի հետ և երազում էին, որ պետք է մի օր ազատագրվեն, և բնական է, որ անցումային արդարադատությունից նրանք շատ գոհ պետք է լինեին, որովհետև դրա գործիքակազմը՝ լյուստրացիան, վեթինգը, փաստացի նպաստեց հասարակության կոնսոլիդացիային»,- նշեց Ե. Բոզոյանը՝ հավելելով, որ դրա արդյունքը եղավ այն, որ հետագայում իշխանության եկան պոստկոմունիստական ուժերը։
Նա կարծում է, որ ճիշտ չէ ասել, որ Եվրոպան միշտ կողմնակից է ռադիկալ անցումային արդարադատության, որովհետև դա կախված է նրանից, թե տվյալ երկիրն ինչքանով է պատրաստ այդ ճանապարհն անցնել, և Եվրոպան միշտ հարմարվում է երկրի պահանջներին։
«Ես կարծում եմ, որ այնքան էլ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ դա եվրոպացիների պահանջն է։ Մեր դեպքում այս պրոցեսը դուրս է գալիս Հայաստանից։ Բերվում է Ալբանիայի փորձը, բայց տարօրինակ է, որ չեն ուզում ուսումնասիրել Վրաստանի փորձը, որովհետև Վրաստանը մեր հարևանն է, փաստացի նրա փորձը պետք է որ շատ օրինակելի լիներ Հայաստանում։ Բայց այդ փորձը չի բերվում, որովհետև այն խիստ բացասական է եղել»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ մեր այժմյան դատաիրավական համակարգը շատ ավելի լավն է, քան այն համակարգը, որի նկատմամբ Վրաստանը որոշեց վեթինգ իրականացնել։
Բանախոսի ներկայացմամբ՝ Միխայիլ Սահակաշվիլին այն ժամանակ, ի վերջո, իրականացրեց դատաիրավական համակարգի վեթինգ, եկան նոր երիտասարդ դատավորներ, որոնք թեպետ անկաշառ էին, բայց ավելի շատ գաղափարի մարտիկներ էին, քան պատրաստված մասնագետներ, և ունենալով արդեն տոտալ իշխանություն նաև դատական համակարգում՝ նախագահը նրանց դարձրեց դակիչ մարմիններ իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարում։ Սրա արդյունքում ծանրաբեռնվածությունն ընկավ փաստաբանների վրա, խնդիրներից խուսափելու համար նա հանիրավի ձերբակալեց 200 փաստաբանների ու երկրում ստեղծեց վախի մթնոլորտ։
«Քաղաքական ռեպրեսիաներից հետո գնաց սեփականության վերաբաշխման պրոցես։ Այդ շրջանում բռնագրավվեց մոտ 36 000 սեփականություն, և դրա արդյունքում ցուցաբերված դիմադրության արդյունքում 200-300 000 Վրաստանի քաղաքացիներ անցան բանտերով»,- վրացական վեթինգի տխուր փորձը ներկայացրեց Ե. Բոզոյանը։
Վերջինս նշեց, որ չի կարելի թույլ տալ, որ դատական իշխանությունն ամբողջապես հայտնվի գործադիր իշխանությունների գրպանում, որովհետև այն վերջին հանգրվանն է, որ թույլ չի տա երկրում բացարձակ իշխանության հաստատմանը, և սա ամենակարևոր բանն է, որ հայ հասարակությունը պետք է իմանա անցումային արդարադատության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։