Քննիչ հանձնաժողովի հնարավոր ռիսկերը
Քաղաքական իրադարձությունների առատության ու հագեցվածության պակաս վերջին ամիսներին մեր հանրությունը գրեթե չունի:
Մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության տակից դուրս չեկած, 2008-ի 10 մարդու սպանությունները չբացահայտած, Ռոբերտ Քոչարյանի ոդիսականը չավարտած՝ իշխանությունը 2016-ի ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով է ստեղծում: Գուցե դա պատասխանն էր Նուր Սուլթանում Պուտինի հետ Փաշինյանի չհանդիպելու, որ անոնսել էր ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Պատասխան, որին հաջորդեց Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք տալը: Հարց՝ Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ, որ հաստատել են Պուտինի մամլո խոսնակն ու օգնականը, արդյոք լավագույն ժամանա՞կն էր ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծման, կամ արդյո՞ք արժե մուկն ու կատու խաղալ Պուտինի հետ:
2016-ի ապրիլյան պատերազմի պատճառների, ընթացքի ու հետևանքների ուսումնասիրությունն անհրաժեշտ է, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը, նաև պատշաճ մասնագետների ներգրավումը:
Միանշանակ անտրամաբանական է նաև նման հանձնաժողով ստեղծել ԱԺ ձևաչափում, քանի որ այն հանդիսանալով քաղաքական միավոր՝ իր մոտեցումներով ու եզրակացությամբ հարցին տալու է քաղաքական մեկնաբանություն: Ասել է թե՝ ունենք մի իրադրություն, երբ հանրությանը հերթական տեսարան մատուցելու և հանրային նոր դիսկուրս ծավալելու համար իշխանությունները դիմում են հերթական մանիպուլյացիոն գործիքին: Կարևոր է փաստել նաև, որ նման հանձնաժողովի ստեղծմամբ, հնարավոր է, ի հայտ գան այնպիսի դետալներ ու նուրբ դրվագներ, երբ, ասենք, մեր ապրիլյան հերոսներից ոմանց գործողությունները համարվեն զինվորական կանոնակարգից դուրս գործողություն, կամ ուղղակի զինվորական կարգի կոպտագույն խախտում: Արդյոք իշխանությունները հաշվի առե՞լ են այս դրվագի ռիսկայնությունը:
Դեռևս 2016-ին, երբ գործող վարչապետ Փաշինյանը թունդ ընդդիմադիր էր, խորհրդարանական մի ելույթում բացահայտ հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմը հրահրվել է ռուսական իշխանությունների կողմից՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար, հետաքրքիր կլինի իմանալ արդեն պետության ղեկավար Փաշինյանի մոտեցումն այս հարցի վերաբերյալ, որը նա շատ խորամանկորեն քանիցս շրջանցել է:
ՌԴ-ի հետ հարաբերությունների սրման շարքից են նաև «Գազպրոմին» 10 միլիոն դրամ տուգանելու ու ՀԷՑ ՓԲԸ-ին նախազգուշացնելու որոշումները։ 2018թ. սեպտեմբերի 8-ին Պուտինին հանդիպելուց առաջ՝ օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը, ՊԵԿ-ը հատուկջոկատայիններով խուզարկություններ անցկացրեց ՀԿԵ ՓԲԸ գրասենյակում։
2018-ի դեկտեմբերի 27-ին Պուտինի հետ հանդիպումից առաջ՝ դեկտեմբերի 25-ին, Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀԿԵ ՓԲԸ-ում նշանակվել է ստուգում՝ ներդրումների արդյունավետությունը, հափշտակության իրական ծավալը պարզելու համար, բացահայտվել են հանցավոր նոր դրսևորումներ, առաջադրվել մեղադրանքներ։ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց մեկ օր առաջ պատմությունը կրկնվում է:
Ի դեպ, ամփոփելով՝ նշենք, որ դեռևս 2016 թվականին հենց Փաշինյանի ընտանեկան թերթն իր խմբագրականում գրել էր, որ ըստ ադրբեջանական աղբյուրների ուսումնասիրության՝ պարզ է դառնում, որ ապրիլյան քառօրյային ադրբեջանական կողմն ունեցել է 1000-ից ավելի զոհ, իսկ հայկական կողմը՝ 100:
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ