Ինդոնեզիայում մարդիկ են զոհվել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաների ընթացքում

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 200-ը՝ տուժել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել համընդհանուր ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Այդ մասին հայտնել է Straits Times թերթը՝ վկայակոչելով Ջակարտայի նահանգապետ Անիս Բասվեդանին:

Ավելի վաղ Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանժնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ երկրի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն հաղթանակ է տարել կայացած ընտրություններում եւ պետության ղեկավար կմնա երկրորդ ժամկետով: Բոլոր քվեաթերթիկների ստուգումից հետո Վիդոդոն հավաքել է ընտրողների ձայների 55, 5 տոկոսը:

Նրա միակ մրցակից՝ ընդդիմադիր թեկնածու Պրաբովո Սուբիանտոն ապահովել է ընտրողների 44,5 տոկոսի աջակցությունը:

Դեռ մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը Սուբիանտոն պահանջել էր անցկացնել ապրիլի 21-ին կայացած ընտրությունների անկախ ստուգում: Նրա թիմի գնահատումների համաձայն՝ ընտրական գործընթացի տարատեսակ խախտումներ են գրանցվել առնվազն 73 հազար ընտրատեղամասում, ընտրությունների գալու հրավեր չի ստացել ձայնի իրավունք ունեցող 6,7 մլն քաղաքացի:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Սուբիանտոյի մի քանի հարյուր կողմնակիցներին ցրելու համար, որոնք համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ եւ Ջակարտայի կենտրոնական շրջանում բողոքի ակցիա էին անցկացնում Ընտրությունների դիտարկման գործակալության շենքի առջեւ:

«Առայժմ զոհվել է վեց մարդ… Այս առավոտ Տարական հիվանդանոց է տեղափոխվել 80 վիրավոր: Եվս մոտավորապես 70 վիրավորներ հոսպիտալացվել են Պելնի հիվանդանոցում»,- ասել է նահանգապետը:

Նա նշել է, որ առավոտվա ժամը 9-ի դրությամբ ընդամենը վերքեր է ստացել 200 մարդ:
Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 80 տոկոս: Ամբողջ երկրում, որտեղ ձայնի իրավունք ունի 193 մլն մարդ, բացվել էր ավելի քան 813 հազար ընտրական ատեղամաս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս