Լարված իրավիճակ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում. Մայիսի 22-ին ընտրելու են նոր ռեկտոր
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մայիսի 22-ին կկայանան ռեկտորի ընտրություններ: Ռեկտորի պաշտոնին հավակնում է 3 հոգի՝ ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը, բուհի ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը և թատերագետ Վասիլի Գևորգյանը։
Հիմնական մրցակցությունը, ինչպես պնդում են ինստիտուտում, Լիլիթ Արզումանյանի և Արմեն Հարությունյանի միջև է։ Վերջինիս ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտորի պաշտոնում նշանակել է հենց Արզումանյանը։
Թեև ռեկտորի ընտրությունների համար «նախընտրական փուլ» չի լինում, այդուհանդերձ լրատվամիջոցներում տարբեր հրապարակումներ վկայում էին այն մասին, որ ամեն ինչ չէ, որ հարթ է այս շրջանում։ Ընտրությունների շեմին իրավիճակը սրվել է, երբ ինստիտուտի շրջանավարտներից մեկը ֆեյսբուքյան հարցում է նախաձեռնել, որտեղ առաջարկել է քվեարկել ռեկտորի 2 թեկնածուների օգտին՝ դրանով փորձ անելով պարզել ուսանողների կարծիքը, որն էլ ռեկտորի թեկնածուներից Արմեն Հարությունյանը տեղադրել է իր էջում։
168.am-ն այս լուրերի հետքերով եղավ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում և զրուցեց երեք թեկնածուների հետ։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը մեր խնդրանքից հետո միայն անդրադարձավ թեմային. «Աշխատել եմ անմնացորդ. մի քիչ վերամբարձ կարող է թվալ, բայց վատ ժառանգություն եմ ստացել, և պետք էր ուղղակի անմնացորդ աշխատել, որպեսզի կարողանաս հասցնել»։
Նա նշեց, որ ուղղորդված աշխատանքներ են տարվում ուսանողության հետ. «Իսկ ես եկածս օրվանից ամեն ինչ անում եմ՝ ուսանողության համար և նրանց շահերից ելնելով: Ցավում եմ, որ ուսանողներին ներքաշում են ինչ-ինչ խաղերի մեջ»:
Մեզ հետ զրույցում Արզումանյանը տեղեկացրեց նաև, որ 6 ամսում վերանորոգել է 30 լսարան, իսկ թե ինչ ժառանգություն է ստացել հարցին ի պատասխան՝ մանրամասնեց. «Ինստիտուտը պարտքեր ուներ, բավական խախտումներ, և թերագնահատել այս 6 ամսում արվածը…»։
Հարցին, թե արդյո՞ք ռեկտորի մյուս թեկնածու Արմեն Հարությունյանը մինչ հրապարակային հայտարարելը, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կառավարման հետ կապված խնդիրներ է տեսնում, այդ մասին զրուցել է անձամբ իր հետ, Լիլիթ Արզումանյանն այսպես արձագանքեց.
«Մենք շատ լավ հարաբերությունների մեջ էինք. ամեն ինչն ինձ համար շատ անսպասելի էր։ Մենք միասին ենք ծրագրեր սարքել, աշխատել, երբեք չի հակառակվել, երբեք իր տեսանկյունն ինձ չի հայտնել …»։
Արմեն Հարությունյանը նույնպես արձանագրում է, որ այս փուլում կա լարվածություն, որը, ըստ նրա՝ անցողիկ է։
Հարցին, թե արդյո՞ք լարվածությունն ազդել է նաև աշխատանքային հարաբերությունների վրա, Ա. Հարությունյանն ի պատասխան՝ տեղեկացնում է, որ ռեկտորի հետ ուղիղ շփում չկա։
«15 տարի այստեղ աշխատել եմ և հստակ տեսնում եմ առավելություններն ու թերությունները։ Ունեմ գաղափարներ, որոնց ի կատար ածվելը նպաստավոր կլինի բուհի համար»,- մեզ հետ զրույցում նշեց նա՝ անդրադառնալով իր թեկնածությանը։
«15 տարիների ընթացքում այդ նպատակներն իրականացնելու հնարավորություն չի՞ եղել» հարցին նա պատասխանեց. «…Ուսումնական գործընթացի կազմակերպմամբ եմ զբաղված եղել, որովհետև ի պաշտոնե դրա համար եմ պատասխանատու եղել …»։
Պրոռեկտորն ակնկալում է արդար ընտրություններ։
«Որպես էդպիսին՝ նախընտրական պրոցես դեռ չկա. դա լինելու է քվեարկության օրը, երբ մինչ քվեարկությունը կներկայացնենք մեր ծրագրերը, կպատասխանենք հարցերի…»,- մեր հարցը խմբագրեց ռեկտորի երրորդ թեկնածու Վասիլի Գևորգյանը։
Ակնկալիքների մասին խոսելիս՝ Գևորգյանը կարևորեց բուհի շահը. «Ես հույս ունեմ, որ խորհրդի անդամներից յուրաքանչյուրը կքվեարկի՝ հենվելով միայն իր կարծիքի վրա, և յուրաքանչյուրը կառաջնորդվի բուհի շահերով. բուհը բոլորիս համար կարևոր է»։
168.am-ը լսեց նաև ուսանողադասախոսական անձնակազմից մի քանի կարծիքներ նույնպես. նոր ռեկտորից ակնկալիքները տարբեր են:
Զարուհի Դիլանյան