Բանջարեղենը և մրգերը պետք է պահել մութ և հով տեղում
Որպեսզի վիտամինները պահպանվեն, բանջարեղենը (ինչպես նաև մրգերը) պետք է պահել մութ և հով տեղում:
Բանջարեղենը անհրաժեշտ է մաքրել ու կտրատել միայն եփելուց անմիջապես առաջ. չպետք է երկար պահել ջրի մեջ, քանի որ վիտամինները և օրգանիզմի համար շատ անհրաժեշտ հանքային աղերը լուծվում են ջրում: Իսկ կարտոֆիլ օգտագործելիս կեղևը որքան կարելի է պետք է բարակ կլպել, որովհետև վիտամինները կուտակված են արտաքին շերտում: Ի դեպ, կարտոֆիլը ևս չպետք է երկար ժամանակ ջրի մեջ պահել, առավել ևս` կտրատած վիճակում:
Բանջարեղենը եփելիս խորհուրդ է տրվում միանգամից լցնել եռացող ջրի կամ տաքացրած յուղի մեջ, որովհետև բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ոչնչանում են այն ֆերմենտները, որոնք քայքայում են վիտամինները: Բացի այդ, բանջարեղենը եփելիս պետք է ծածկված լինի ջրով, իսկ ամանի բերանը` պինդ փակված, որովհետև օդի շփումից, թթվածնի ազդեցության տակ A և C վիտամինները քայքայվում են: Լավ է օգտագործել էմալապատ կամ ալյումինե ամանեղեն: Պղինձը քայքայում է C վիտամինը:
Խորհուրդ է տրվում բանջարեղենը եփել մարմանդ կրակի վրա և ոչ մի դեպքում եփը չանցկացնել. երկար եփը նույնպես քայքայում է վիտամինները: Բանջարեղենից սալաթ պատրաստելիս ձեթը կարելի է լցնել նախապես, բայց քացախը պետք է լցնել մատուցելուց անմիջապես առաջ։