Բաժիններ՝

«Իհարկե, շատ լավ է, եթե երկու-երեք լեզու իմանանք, բայց մենք այսօր անգամ հայերեն նորմալ չգիտենք». կրթության փորձագետ

Կարո՞ղ են 22-23 տարեկանում երիտասարդները տիրապետել երեք օտար լեզուների ու երեք տարվա աշխատանքային ստաժ ունենալ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանն անդրադարձել են կրթության ոլորտի ներկայացուցիչները:

Կրթության ոլորտի ներկայացուցիչներն այսօր հանդիպել էին քննարկելու՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի ու Սիսակ Գաբրիելյանի  օրենսդրական նախաձեռնությունը, որը միտված է թեթևացնելու աշխատող ուսանողների հարկային բեռը։ Բանախոսները՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, օրինագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը թեմայի շրջանակում անդրադարձան առհասարակ ուսանող-աշխատանք խնդիրներին։

168.amը փորձեց նրանցից ճշտել, թե ինչպե՞ս են վերաբերվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ «էսօր 22-23 տարեկանը կարող է, այո, երեք տարվա աշխատանքային ստաժ ուենալ, երեք օտար լեզու իմանալ»։

Հարցը ներկաների մի մասի համար անսպասելի էր։

Կարդացեք նաև

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խուսափեց հարցից՝ տեղեկացնելով, որ սուբյեկտիվ կլինի իր կարծիքը, քանի որ ինքն այդ տարիքում ունեցել է փորձ ու տիրապետել լեզուների։

«Իհարկե, շատ լավ է, եթե երկու-երեք լեզու իմանանք, բայց մենք այսօր անգամ հայերեն նորմալ չգիտենք»,- արձանագրեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Փորձագետը հավելեց, որ  երկու-երեք  օտար լեզու սովորում են այն մարդիկ, ովքեր մասնավոր պարապում են. «Ես համարյա թե չգիտեմ դեպք, երբ երեխան դպրոցում սովորելով, համալսարանում սովորելով՝ երկու-երեք օտար լեզվի է տիրապետում»։

Աշխատանքային ստաժի մասով՝ Խաչատրյանը հայտնեց, որ ստաժ ունենալ-չունենալն անհատական է.  «Եթե մարդը չունի երեք տարվա ստաժ, չեմ կարծում, թե դա թերություն է»։

ՀՀ ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը միայն մեր պնդումից հետո անդրադարձավ թեմային։

«Մենք ունենք համակարգ, երբ նայում ենք դասական առումով, դպրոցը ավարտելուց  գոնե երկու օտար լեզու, քիչ թե շատ, բայց տիրապետում ենք… »,- հիշեցրեց նա, ապա հավելեց, որ, եթե լինի ցանկությունը և լրացուցիչները, գուցե ավելի էֆեկտիվ լինի։

«Եթե մենք չունենք այդ մեծ արդյունքը, նշանակում է՝  այն փոփոխությունները, որոնք իրականացվում են, պետք է այստեղ ավելի խորը իրականացվի»,- ամփոփեց խոսքը ՀՀ ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետը։

«Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը թեման շրջանցեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

 Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս