«Կրկնում եմ՝ այո՛, շինծու մեղադրանք եղավ Դավիթ Սանասարյանի նկատմամբ, և դա իրականացվեց ԱԱԾ դեպարտամենտի կողմից». փաստաբան
«Ես՝ որպես պարոն Սանասարյանի պաշտպան, պնդում եմ, որ նրան առաջադրվել է հանիրավի մեղադրանք։ Նա որևէ արարք չի կատարել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, ես ասել ու կրկնում եմ՝ այո՛, շինծու մեղադրանք եղավ նրա նկատմամբ, և դա իրականացվեց ԱԱԾ դեպարտամենտի կողմից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դավիթ Սանասարյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը։ Նա ներկայացրեց դեպքերի ժամանակագրությունը։
«Ամսի 9-ից սկսվեցին այդ գործողությունները, երբ պարոն Սանասարյանը հրավիրվեց որպես վկա հարցաքննության, սակայն նրան արդեն իսկ լսում էին կասկածյալի իրավունքներով և պարտականություններով, ի դեպ, նա ներկայացել էր առանց պաշտպանի, կար ուրվագծված որոշակի պլան, որ պետք է տեղի ունենային այդ գործողությունները: Եվ ամսի 12-ին պարոն Սանասարյանին ներկայացվեց այդ կասկածանքը, որ նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով»,- հավելեց նա։
ՊՎԾ նախկին պետի մյուս պաշտպանը՝ Արսեն Սարդարյանն էլ նշեց, որ մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքը չարաշահելու համար, և այդ հոդվածը երեք հատկանիշ է պահանջում. «Առաջինը՝ լինի չարաշահում, երկրորդը՝ դա լինի շահադիտական նպատակով, և երրորդը՝ այդ արարքն էական վնաս պատճառի, որպեսզի լինի հանցակազմ։ Հիմա մենք իրավունք չունենք նախաքննական գաղտնիքը բացել, բայց կարող ենք ասել, որ այն առերեսումները, որի մասին խոսում էր հարգարժան ԱԱԾ տնօրենը, որևէ նյութ չեն պարունակում երկրորդ և երրրորդ կետի հետ կապված, ինչ վերաբերում է առաջին կետին՝ այդ նույն առերեսումներում կան բազմաթիվ հակասություններ»:
Հիշեցնենք` ապրիլի 18-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։ Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Զարուհի Դիլանյան