Թուրքիայի արձագանքը՝ Հայաստանի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ խոսնակի այն հայտարարությանը, որով հայկական կողմը անդրադարձել էր Անկարայի կողմից բազմիցս շահարկվող արխիվների բացման կոչերին:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Աքսոյը մասնավորապես նշել է. «Հայաստանի խոսնակի ոճը և օգտագործած եզրույթները ցույց են տալիս, որ այդ երկիրը դեռևս չունի պետական ավանդույթներ»։
Հղում անելով «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով եվրադատարանի որոշմանը՝ նշել է, որ ըստ այդ որոշման՝ հայկական թեզերը թուրքերին պարտադրելն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե հայկական կողմի այն պնդումը, որ արխիվները բաց են, իրականությանը չի համապատասխանում: Շեշտել է, թե իբր բաց է Հայաստանի արխիվների այն հատվածը միայն, որն «ապացուցում է հայկական պնդումները»:
Աքսոյը նաև անդրադարձել է Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգայի օր հռչակելու որոշմանը՝ նշելով, որ Ֆրանսիան չի գիտակցում իր քայլի վտանգավորության աստիճանը: Միևնույն ժամանակ Աքսոյը մեդադրել է Ֆրանսիայինն մեկ դար առաջ հայերին զինելու համար և թուքերի սպանության պատասխանատվությունը բարդել նաև Ֆրանսիայի վրա: Դատապարտելով Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի՝ Թուրքիային ուղղված քննադատական խոսքերը, Աքսոյը նշել է, որ նման պահվածքը անպատասխան չի մնալու:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ մեկնաբանել էր Թուրքիայի կառավարության այն հայտարարությունը, թե իբր Հայաստանը վախենում է բացել 1915թ․ իր արխիվները:
«Մենք այս ողջ ժամանակահատվածում ականատես ենք եղել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձևերի։ Հաճախ գործի են դրվում ուղղակի կեղծիքներ, ինչպես, օրինակ, մեր արխիվների փակ լինելու դրույթը, երբ ցեղասպանությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են։ Ժխտողական մտքի այս վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։
Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Այն խրախուսում է մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է»,- ասել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը: