Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամների հետ
Աշխատանքային այցով Մոնտեվիդեոյում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 23-ին Ուրուգվայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտում հանդիպում է ունեցել Ուրուգվայի մարդու իրավունքների պաշտպանների հաստատության տնօրենների խորհրդի անդամներ` Խուան Ֆարոպպա Ֆոնտանայի և Մարիանա Բլենգիո Վալդեսի հետ:
ԱԳՆ ղեկավարը և ուրուգվայցի իրավապաշտպանները քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը, մարտահրավերներն ու արձանագրված հաջողությունները: Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ մարդու իրավունքները համընդհանուր արժեքներ են և առանց բացառության պետք է հասանելի լինեն բոլորին՝ անկախ երկրի կարգավիճակից։
Այս համատեքստում նա կարևորել է Արցախի և տարբեր երկրների մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակների հետ համագործակցության հաստատումը, ինչն իր հերթին կնպաստի ոլորտում արձանագրված հաջողությունների զարգացմանը։
Զրուցակիցները կարևորել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի դրույթների ընդհանուր և համապարփակ կիրառումը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են երկու երկրների իրավապաշտպան գրասենյակների միջև համագործակցության հեռանկարները: