«Դավիթին ինձնից շատ եմ վստահում». Անահիտ Բախշյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի մասին

«Դավիթին ինձնից շատ եմ վստահում. համոզված եմ, որ ինքը չէր կարող որևէ կերպ վնաս տալ պետական շահին»,- 168.amի հետ զրույցում անդրադառնալով  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին՝ նշեց Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը։

Նա հույս է հայտնում, որ նախաքննությունը կիրականացվի բարձր պրոֆեսիոնալիզմով և արդարությունը կհաղթի. «Ինչ-որ մարդիկ, կարող է, օգտվել են Դավիթի ավելորդ վստահությունից, չգիտեմ՝ ինչ նպատակով են դա արել, բայց հաստատ նա դրանից դուրս է գալու մաքուր» ։

Դավիթ Սանասարյանի ու պաշտպանների կողմից գործի՝ շինծու որակմանն անդրադառնալով՝ Բախշյանը նկատեց. «Եթե այս օրերին, այսինքն՝ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն կարողանում է, պաշտպանի ասած, շինծու օրդեր սարքել, ուրեմն լուրջ մտածելու բան ունենք.  և՛ կառավարությունը, իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, լուրջ մտածելու բան ունեն»։

Անահիտ Բախշյանն անդրադարձավ նաև Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի աշխատանքից ազատմանը՝ ասելով. «Էդպես էլ չհասկացանք. թող ասեին պատճառը, թող հիմնավորեին. սա գործելաոճ չէ։  Պետք է վերջ տրվի երկակի ստանդարտներին, հատկապես, եթե մարդու իրավունքների հետ գործ ունենք»։

Ի դեպ, Անահիտ Բախշյանին և Դավիթ Սանասարյանին երկար տարիներ միավորել է նույն կուսակցությունը՝ «Ժառանգությունը»։ 168.am-ի հետ զրույցում կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով բացակայում է Հայաստանից, հրաժարվեց անդրադառնալ թեմային և մեկնաբանություններ տալ առհասարակ։ «Իմ խոսելու ժամանակը չէ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը: ԱԱԾ-ի առաջարկությամբ ՀՀ վարչապետի կողմից Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս