«Սանասարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. նա մտել էր մի ոլորտ, որտեղ չպետք է մտներ». փաստաբան

Դավիթ Սանասարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, հայտարարում է Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նա ենթադրում է, որ ՊՎԾ ղեկավարը մտել էր մի ոլորտ, որտեղ չպետք է մտներ: Նա չի հասկացել կամ էլ չի ուզել հասկանալ մեսիջները եւ այդ իսկ պատճառով խնդիր դրվեց նրան մեկուսացնել, հեռացնել իշխանությունից:

«Սանասարյանը մտել էր մի դաշտ, որտեղ երեւի թե չպետք է մտներ եւ այդտեղից սկսվեց քրեական հետապնդումը: Շատերը մտածեցին, որ եթե Սանասարյանն այսպես կարողանում է մտնել այսպիսի տեղեր, ուստի խնդիր առաջացավ երեւի թե մեկուսացնել, հեռացնել զբաղեցրած պաշտոնից: Մեր ապացույցները քննիչի կողմից մի կողմ շպրտվեց, նա չցանկացավ նույնիսկ ծանոթանալ գործի նյութերին: Գրավոր ապացույցներ եւս կային, որ Սանասարյանն իրականում չի իմացել այդ ընկերության մասին, որը պատկանում է ՊՎԾ աշխատակից Սամվել Ատյանին, եւ որ Ատյանը մասնակցում է տենդերներին: Նույնիսկ արդեն թղթապանակի մեջ կար մեղադրյալ ներգրավելու որոշումը, որոշումը մեկ օր առաջ կար, քննչական որեւէ գործողություն չիրականացվեց, որեւէ ապացույց չլսվեց, օրը երբ փոխվեց, թղթապանակից հանեցին որոշումը, ամսաթիվը փոխեցին եւ առաջադրեցին այդ մեղադրանքը»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է փաստաբանը:

Ինեսսա Պետրոսյանը պատասխանեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի «փաստաբանը մնացել է հին տրամաբանության մեջ» հայտարարությանն՝ ասելով.

«Կցանկանայի հավատալ, որ մարդկանց գլխին այսպիսի գործեր կարել չի լինում Նոր Հայաստանում: Սխալվում է Ալեն Սիմոնյանը, ըստ էության ոչինչ չի փոխվել, ակնհայտ դարձավ որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նույն ոճով են աշխատում: Ինչ- որ բաների դիմաց այդ երկու անձինք, ովքեր մեկուսացված էին ու ցուցմունք էին տվել, կալանքից ազատված են հիմա, եւ վստահ եմ, որ կազատվի նաեւ Սամվել Ատյանը: Նրանք գործարքի մեջ են նախաքննական մարմնի հետ: Պարոն Սանասարյանի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչությունը գործ է սարքում»,-հայտարարեց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս