«Իրոնիայի բան չկա՝ հա-հա, հի-հի, դուրս եկեք մանկապարտեզի այս տարիքից». Թեհմինա Վարդանյանը՝ ավագանու անդամներին
Երևանի քաղաքապետարանի ավագանին այսօրվա նիստում քննարկեց Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի ստեղծման հարցը։
Նախքան նախագծի ներկայացնելը, ավագանու որոշ անդամներ հարցեր հնչեցրեցին՝ կապված հիմնարկի ստեղծման հետ։
«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք «ՍանիԹեքի» հետ պայմանագրերը լուծարված չեն։
«Հարցն ամիսներ առաջ հղել էի Ձեզ, բայց պատասխանն այդպես էլ չեմ ստացել, դեռ բանակցություների մեջ էիք։ Հիմա մենք փաստացի ուեննք նախագիծ, որտեղ Երևանը դառնում է օպերատոր։ Հիմա ուղիղ հարցս եմ տալիս, պայմանագիրը լուծարվե՞լ է, թե՞ ոչ»,- հարցրեց ավագանու անդամը։
Քաղաքապետը պատասխանեց, որ քաղաքապետարանի միակ պահանջը
մաքուր Երևան ունենալն է, և ընկերությունը, որը ստանձնել է այդ պատասխանատվությունը, եթե կարողանա մաքրություն ապահովել, ապա միայն ուրախ կլինեն, եթե ոչ, ապա քաղաքապետարանի պարտականությունն է դա ապահովելը։
Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ հետաքրքրվեց, թե աղբահանության համար նախատեսված 900 մլն դրամը որտեղից է, քանի որ դրա համար պետությունը պետական բյուջեից գումար չի հատկացրել։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ մեքենաների գնման մրցույթի կայանալու դեպքում պայմանագիրը կնքվում է հենց տվյալ պահին, որ գործարքը կլինի այն ժամանակ, երբ ֆինանսական միջոցներն առկա կլինեն։
«Ֆինանսական միջոցների առկայությունն ընդամենը հոդվածափոխության խնդիր է, որը քաղաքապետի կարգադրությամբ կարող է իրականացվել տարվա ընթացքում ցանկացած պահի»,- ասաց Հ. Սարգսյանը։
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն էլ հայտարարեց, որ քննարկում են մի նախագիծ, ըստ որի՝ Երևանը շուտով դառնալու է երկրորդ օպերատոր, նա նաև պահանջեց, որպեսզի քաղաքապետարանը հրապարակի «ՍանիԹեքի» հետ նամակագրությունը։
Իսկ երբ քաղաքապետը պահանջեց, որպեսզի ավագանու անդամը հնչեցնի հարցը, Թեհիմա Վարդանյանը հրավիրեց լրագրողների ուշադրությունը՝ նշելով, որ քաղաքապետը խուսափում է արձագանքել, ինչն առաջացրեց ավագանու անդամների ծիծաղը։
«Այստեղ իրոնիայի բան չկա հա-հա, հի-հի, դուրս եկեք մանկապարտեզի այս տարիքից, հարգելի գործընկերներ,- նշեց Թ. Վարդանյանը և դիմելով քաղաքապետին՝ ասաց,- Արդեն ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանություններից ենք ժառանգել, «թարգեք», արդեն ամոթ է, արդեն 7 ամիս է՝ քաղաքային իշխանություն եք, մի բան էլ դուք արեք»։
Զվարթ Խաչատրյան