Բաժիններ՝

«Դուք «ղումար» եք խաղում ԵԿՄ-ի գրասենյակների վրա, ամոթ է, մի քիչ հայրենասիրություն ունեցեք». Անի Խաչատրյանը՝ ավագանու «Իմ քայլի» անդամին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այսօր ավագանու նիստի ժամանակ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի ելույթին, որի ժամանակ նա իր զարմանք էր արտահայտել, թե կան մանկապարտեզներ, որոնց շենքերում տեղակայված են ԵԿՄ-ի գրասենյակներ, նշեց, որ ցավում է, որ իր գործընկերը չի գիտակցում ԵԿՄ-ի թողած ժառանգությունը։

«Այդ գրասենյակների մեծ մասը նաև թանգարաններ են, եթե դուք չեք գիտակցում ԵԿՄ-ի թողած ժառանգությունը, գնացեք «Եռաբլուր», այնտեղ գուցե տղաները Ձեզ ասեն, թե ինչ ժառանգություն է թողել ԵԿՄ-ն։ Ասեմ, որ ԵԿՄ-ն Ձեզ Արցախ, Հայաստանի Հանրապետություն է թողել, և մոտ ապագայում, Աստված ոչ անի, եթե կրկին պատերազմ լինի, համոզված եմ, որ այս դահլիճում գտնվողների 10 տոկոսը չի գնալու սահման, ԵԿՄ-ն է գնալու և Ձեր ու Ձեր երեխաների կյանքը պահելու։ Իսկ դուք «ղումար» եք խաղում ԵԿՄ-ի գրասենյակների վրա, ամոթ է, մի քիչ հայրենասիրություն ունեցեք։ Պարոն քաղաքապետ, լիահույս եմ, որ դուք ԵԿՄ-ի թողած ժառանգությունն ուղղակի քննարկման առարկա չեք դարձնի»,- ասաց Անի Խաչատրյանը։

Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքելով ելույթին՝ նշեց, որ այն տեղին չէր, որովհետև վստահ է, որ դահլիճում նստածներն ունեն նույն վերաբերմունքն այն հարցերի շուրջ, որը բարձրաձայնվել է։

«Մենք սերտ կապի մեջ ենք ԵԿՄ-ի հետ և մենք այս պահին քննարկման այն փուլում ենք, թե այդ գրասենյակներն ինչպես պետք է ձևափոխվեն։ Մենք ԵԿՄ-ի հետ գնում ենք առաջ»,- եզրափակեց Հայկ Մարությանը։

Էռնեստ Ավանեսովն էլ հայտարարեց, որ նման բան չի ասել, և պետք չէ ամեն ինչ քաղաքական շահարկման թեմա դարձնել։

«Եկեք կենսագրություններն իրար կողքի դնենք և նայենք, թե ով ինչ է արել. ես խնդրում եմ պահպանել կոռեկտություն»,- ընդգծեց «Իմ քայլի» ավագանու անդամը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս