«Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան
Շրի Լանկայում ահաբեկչական գործողություններից հետո կրոնական հավանական պատերազմի մասին խոսելը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վաղ է համարում: Նրա խոսքով` սա այն հարցն է, որին պետք է ավելի զգուշավոր մոտենալ:
«Մենք տեսնում ենք, որ զոհվածների թվում կան մահմեդական երկրների ներկայացուցիչներ: Չեմ կարծում, որ ներկա փուլում հնարավոր է կրոնական հավանական պատերազմի վերաբերյալ դիտարկումներ անել: Ի դեպ, այստեղ չի կարելի բացառել սադրիչների գործոնը: Կան տարբեր խմբավորումներ, որոնք ուզում են սրել իրադրությունը աշխարհում»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Հարցին, թե արդյոք ահաբեկչական ալիքը Մերձավոր Արևելքից տեղափոխվում է այլ տարածաշրջան, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ նման միտումներ նկատվում են: Նրա խոսքով, Սիրիայում ահաբեկչական գործունեությունը թուլացել է, սակայն «Իսլամական պետության» խնդիրը շարունակում է մնալ, որը, կարծես, երկրորդ պլան է մղվել:
«Վերլուծությունները ցույց են տալիս, որ «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում: Այնպես որ Մերձավոր Արևելքից չի տեղափոխվում ոչ մի տեղ: Ընդհակառակը, դիրքավորվելով, մտավախություններ կան որ ընդլայնվում են այլ տարածքներում: Այդ առումով ավելի շատ նշվում է Կենտրոնական Ասիան, որտեղ ծայրահեղական կազմակերպությունները կարող են սկսել ահաբեկչական գործողությունների նոր ալիք»,-հավելեց թուրքագետը:
Շրի Լանկայում ապրիլի 21-ին իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 290-ի, վիրավորների թիվը շուրջ 500 Է: Ապրիլի 21-ին մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում զատկի արարողությունների ժամանակ, հյուրանոցներում, ինչպես նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգու մոտ եւ Դեմաթագոդայի շրջանում: Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում եղել են Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, ՉԺՀ-ի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: