«Ամբողջ ազգով սպասում ենք, որ հիմա կգա նաև Բակո Սահակյանը, չեկավ». Շարմազանով
«Դեռևս օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել։ Մի պահ ուրախացա, հետո հասկացա, որ Փաշինյանը կա՛մ էյֆորիայի տակ է, կա՛մ կատակ է արել։ Որովհետև, եթե հայ-ռուսական հարաբերություններն այդքան փայլուն են, ինչո՞ւ գազը թանկացավ, ինչո՞ւ են Փաշինյանի խմբակցության պատգամավորները ոչ նպատակահարմար համարում ռուսական պետական լրատվամիջոցների հեռարձակումը Հայաստանում, ինչո՞ւ ՀԱՊԿ մեր դաշնակիցները չպաշտպանեցին Հայաստանի թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Վլադիմիր Պուտինի պետական մակարդակով այցեր տեղի չի ունեցել, և այսպես շարունակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը։
Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների փայլուն լինելը կենացներով չէ, այլ արդյունքներով։
Անդրադառնալով արտաքին քաղաքականության կարևոր հարցերից մեկին՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Շարմազանովը նկատեց՝ կպատկերացնեի՞ն Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, որ ապրիլին ելույթ ունենային Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ գլխավոր ամբիոնում, սակայն ոչինչ չասեին Հայոց ցեղասպանության դատապարտման մասին։
«Սրանից այն կողմ խայտառակությունը ո՞րն է, երկրի վարչապետը, Ցեղասպանություն վերապրած պետության և ազգի առաջնորդը, ոչ բարով, գնա Ստրասբուրգ, առավոտից-երեկո իր «դըմփ-դըմփ հու»-ից խոսի, բայց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից որևէ ծպտուն չհանի, սա նորմա՞լ է, կարծում եմ՝ սա աննորմալություն է, որին վարչապետը չի տվել որևէ նորմալ բացատրություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Խոսելով Արցախի հարցից, Է. Շարմազանովը նշեց, որ այս հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել է բացահայտ պոպուլիզմի, քանի որ մայիսի 9-ին Ստեփանակաերտում հայտարարել էր, որ անելու է ամեն ինչ, որպեսզի Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
«Վերջերս Վիեննայում օնլայն հետևում էինք Փաշինյանի հանդիպմանն Ադրբեջանի նախագահի հետ։ Գալիս է Փաշինյանը, Ալիևը, ամբողջ ազգով սպասում ենք, որ հիմա կգա նաև Բակո Սահակյանը, չեկավ։ Ա՛յ պարոն Փաշինյան ջան, բա դու ես ասել, որ ամեն ինչ պետք է անել, որ Բակո Սահակյանը մասնակցի բանակցություններին, բա ո՞ւր է։ Ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում չես կարողացել այնպես աշխատել, որպեսզի Արցախը վերադառնա բանակցությունների ամբողջական սեղան։ Որովհետև նոր իշխանությունների մոտ ամեն ինչը ձևն է, ամբողջությամբ ձև, զրո բովանդակություն»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հին Հռոմի ղեկավարներից տարբերվում է նրանով, որ այնտեղ ժողովրդին տալիս էին հաց և տեսարաններ, որոնք ճաշակով էին։ Իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չունի հաց, որպեսզի տա ժողովրդին, հացը միայն իշխանության ներկայացուցիչների համար է՝պրեմիաների տեսքով, տեսարաններն էլ՝ որքան պետք է, այն էլ՝ անճաշակ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան