Վարչապետի թեկնածուն չի հաստատվի պաշտոնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն թերի կենսագրություն ունի տվյալ պաշտոնի համար: Հիշեցնենք, Փաշինյանն այդ պաշտոնում Արտակ Շաբոյանին փոխարինող տեսնում է Գյուղատնտեսության նախարարի ներկայիս պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:
Գեղամ Գևորգյանի կենսագրության մեջ նշված տվյալների համաձայն՝ նա չունի այդ պաշտոնի համար պահանջվող 3 տարվա ղեկավարի աշխատանքային փորձը, հետևաբար՝ վարչապետը, ուզի թե չուզի, պիտի հետքայլ անի կամ գնա, ինչպես ասում են՝ «զոռբայության» ճանապարհով:
Հիշեցնենք, ապրիլի 15-ին Ն. Փաշինյանը համապատասխան գրությամբ դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի ԱԺ-ն նոր սահմանադրության համաձայն՝ քվեարկությամբ հաստատի Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
Նախարարության կայքում Գեղամ Գևորգյանի կենսագրության կառավարման հատվածում հետևյալն է նշված ՝
Աշխատանքային գործունեություն
2018 թվականի հունվարի 22-ին` ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
2018 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը` ՀՀ գյուղատնտեսության նախարար
2017-2018թթ. – ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետև՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:
Սյուզի Բադոյան