«Հարգանքը ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք». Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ի նկատմամբ անհարգալից չի եղել

Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը օրակարգից դուրս հանդես եկավ հայտարարությամբ։

Նա անդրադարձավ ԱԺ ապրիլի 17-ի նիստի ընթացքում խմբակցություններից մեկի հարցապնդմանը՝ կապված Կառավարության պատասխանի քննարկման հետ։

«Ուղղակի ուզում եմ հետևյալ երկու շեշտադրումն անել, որովհետև այդ հարցն առնվազն իմ նկատմամբ շահարկվել է և վերաբերմունքը, որը չափազանց հարգալից և ինստիտուցիոնալ է Ազգային ժողովի նկատմամբ, խորհրդարանում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք ԱԺ-ի նկատմամբ։ Ուզում եմ, որ հստակ և մեկընդմիշտ այս հարցը որոշակիացվի՝ հարգանքը ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք թե՛ որպես միավոր ամբողջական Ազգային ժողով, թե՛ որպես խմբակցություն ու առանձին պատգամավոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ինստիտուտ են։

Կուզենայի վերահաստատել այն պատասխանները, որոնք ներկայացվել են ի պատասխան այդ հարցադրմանը։ Ուզում եմ նաև հավելել, որ այսօր ԱԺ-ում իմ բացակայությունն այդ հարցի քննարկման ժամանակ մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք»,- ասաց ֆինանսների նախարարը։

Ըստ նրա, ներքին կանոնակարգը չի պարտադրում, որ ֆինանսների նախարարը ԱԺ-ում ներկա լինի ներքին քննարկման հարցերին, հետևաբար՝ իր ներկայությունն այնտեղ կլիներ նույնքան նշանակալի, որքան ԱԺ-ում բոլոր հարցերի քննարկման ժամանակ։

Ի հավելումն Ատոմ Ջանջուղազյանի դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ազգային ժողովի, նրա խմբակցությունների և պատգամավորների նկատմամբ վերաբերմունքը և հարգանքը չունի որևէ այլընտրանք։

«Կարծում եմ՝ նման արձագանքները պետք է նաև վերլուծել և նման դեպքերի համար մշակել որոշակի վարքագծային կանոններ, եթե դա շատ կարևոր է, չեմ կարծում, թե մեծ խնդիր է, եթե մենք կազմակերպենք բոլոր քվեարկություններում Կառավարության ներկայացուցիչների ներկայությունը։ Եթե դա կարևոր է, պարոն Աղաջանյան, այդ հարցը քննարկեք նաև խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Բայց տվյալ դեպքում կարող են շատ մեծ բարդություններ առաջանան, որովհետև տասնյակ օրենքներ ու նախագծեր են քննարկվում։

Այսինքն՝ եկեք պատկերացումները կիսենք ԱԺ խմբակցությունների հետ և գանք ընդհանուր հայտարարի։ Եթե կա անհրաժեշտություն, կարելի է նաև օրենսդրական փոփոխություններով լուծել խնդիրը»,- շեշտեց վարչապետը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս