Դաստիարակչական ժողովի իրական հասցեատերը եղել է Նարինե Թուխիկյանը. «Դու ռուսներին հանել ես մեր դեմ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է արել` Լիլիթ Մակունցի եւ Հակոբ Սիմիդյանի նյուզմեյքերությամբ, ոչ թե ԱԺ-ում, այլ սեփական գրասենյակում՝ փորձելով կանխել արտահոսքն ու օտարի աչքից հեռու քննարկել «կարեւոր» հարցեր:

Ինչպես բնորոշեց «Իմ քայլի» մեր աղբյուրը` հավաքը դաստիարակչական նշանակություն է ունեցել՝ ինչպես պետք է իրենց պահեն պատգամավորները, ինչ խոսեն, ինչ չխոսեն, ում հետ խոսեն։

«Չնայած հնչած հորդորին, որ մենք ազատ ենք, կարող ենք մեր կարծիքը հայտնել, այնուհանդերձ, կոնկրետ մարդկանց, օրինակ` Վիկտոր Ենգիբարյանին, Նազենի Բաղդասարյանին, Սոֆյա Հովսեփյանին ասացին` պետք չէ ամեն ինչի մասին կարծիք հայտնել»:

Սակայն իրական հասցեատերը եղել է Նարինե Թուխիկյանը, ով վերջերս անզգուշություն էր ունեցել պահանջել` փակել Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքները։

Նրան ասվել է` պետք էր հասկանալ, թե այդ հայտարարությունն ինչ շղթայական ռեակցիա կարող է առաջացնել. «Դու ռուսներին հանել ես մեր դեմ»։

Ավելին` տեսակետ է հնչել, որ խնդրով անհանգստացած է եղել անձամբ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։

Հանձնարարվել է Թուխիկյանին` ոնց եփել է այդ ճաշը, այնպես էլ փորձի շտկել թույլ տված բացթողումը:

Ի դեպ, արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասել է` լավ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի:

3 ժամ տեւած հավաքի ընթացքում խոսվել է նաեւ հաջորդիվ կայանալիք ԱԺ նիստին ներկայացվելիք ՍԴ թեկնածուի մասին, ներկաներից մեկն ասել է` պետք չէ միանգամից մերժել, պետք է լսել, մերժման գործընթացը նուրբ իրականացնել:

Էդգար Առաքելյանն էլ գտել է, որ պետք չէ մերժել նաեւ ընդդիմության բոլոր առաջարկները, ինչ է թե ընդդիմությունն է դա առաջարկում, որովհետեւ երբեմն բավականին խելացի-հետաքրքիր առաջարկներ էլ են լինում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս