Բաժիններ՝

Մայիսին կայանալիք համերգի հասույթը կուղղվի ուսման վարձի վճարման խնդիր ունեցող ԵՊԲՀ ուսանողներին. Վահան Արծրունի

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ ուսման վարձի վճարման խնդիր ունեցող ուսանողներին կուղղվի մայիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվելիք համերգի հասույթը։ Այս մասին բուհի ուսանողների հետ ապրիլի 16-ի հանդիպմանը հայտնել է ԵՊԲՀ hոգաբարձուների խորհրդի նախագահ, երգիչ, երգահան Վահան Արծրունին։

Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում հնչել են մի շարք հարցեր, ուսանողները ներկայացրել են իրենց հուզող խնդիրները:

«Վահան Արծրունու խոսքով՝ ուսանողների ներգավվածությունը, տեղեկացված լինելը կարևոր է: «Հոգաբարձուների խորհուրդը կոչված է աշխատել ի նպաստ համալսարանի: Հոգաբարձուների խորհուրդը կոչված է լուծել համալսարանին և ուսանողներին վերաբերող խնդիրները, որոնք առնչվում են ինչպես ուսումնական գործընթացին, այնպես էլ գիտության զարգացմանն ու բուհի միջազգայնացմանը»,-ասաց նա:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կարևորելով հանդիպումը՝ ընդգծեց, որ բուհն ինքնավար մարմին է, որտեղ ուսանողներն ունեն իրենց ուրույն տեղն ու դերը: «Այսպիսի հանդիպումներն անհրաժեշտություն են: Համալսարանն ապաքաղաքականացված կառույց է, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է բարձրաձայնել իրեն հուզող հարցը և ստանալ պատասխաններ: Բոլորիս խնդիրն է ծառայել ի նպաստ համալսարանին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ խնդիրները վեր հանելու և մշտական հոգատարության շնորհիվ է հնարավոր հասնել միջազգային ճանաչման:

ԵՊԲՀ ռեկտորի խոսքով՝ «Հորիզոն 2020» Թվինինգ ծրագրին 432 հայտերի մեջ հաղթող ճանաչվելը և մոտ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի արժանանալը, խոսում է այն մասին, որ ԵՊԲՀ-ն զարգացման ճիշտ ուղու վրա է: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին լսելով ուսանողների հնչեցրած հարցերը՝ անդրադարձավ ինչպես ֆինանսական, կազմակերպչական, այնպես էլ ուսումնական գործընթացներին վերաբերող հարցերին:

Վահան Արծրունու խոսքով՝ մայիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կկազմակերպվի համերգ, որի հասույթը կուղղվի ուսուման վարձի վճարման հետ խնդիր ունեցող ուսանողներին:

Արմեն Մուրադյանը եզրափակելով հանդիպումը՝ ընդգծեց, որ բուհի նպատակն է ունենալ մրցունակ շրջանավարտներ միջազգային հարթակներում: «Միայն ուսանողների հետ հետադարձ կապի շնորհիվ կարող ենք հասնել մեր նպատակներին»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ուսանող, ով ցանկանում է իր դերն ունենալ համալսարանին վերաբերող խնդիրների լուծմանը, կարող է դառնալ ուսանողական ռեկտորատի անդամ, որտեղ ամեն ուրբաթ կամփոփվեն և լուծումներ կտրվեն ուսանողների խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս