Կլինկերի վրա տուրք չդնելը անձնական շահ է հետապնդում և ծանոթ-բարեկամներով խնդիր լուծել է. Գագիկ Ծառուկյան
«Հիմնական պատճառը հանձնաժողովն է, քանի որ այդ խնդիրը քննարկվել է էկոնոմիկայի նախարարի հետ, որ նայելով պարսկական ցեմենտը և տեղի արտադրանքը, որոշումը ճիշտ կայացվել էր, մենք էլ դրա համար 50 հազարը սարքել էինք 40 հազար, որ ավելի մեծ պահանջարկ կլինի, իսկ այսօր չգիտեմ՝ ով, ինչ անձնական շահերի շնորհիվ հանձնաժողովը որոշում է կայացրել, թող էդքան ընտանիք չաշխատի, այլ կլինկերի վրա տուրքը չդրվի: Հենց կլինկերը հիմնական ցեմենտի ամենակարևոր մասն է, որ հիմնական ծախսերի 90%-ն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիային և ցեմենտի տուրքի փոփոխություններին:
Ըստ նրա՝ կլինկերի վրա տուրք չդնելը անձնական շահ է հետապնդում և ծանոթ-բարեկամներով խնդիր լուծել է:
Ծառուկյանը հայտարարեց, թե «պրովոկատորներ» էին ուղարկվել ցեմենտի գործարան, որ ընդհանրապես կապ չունեին գործարանի հետ, ասում էին, թե եկել են աշխատողների շահերը պաշտպանեն.
«Ցեմենտի գործարանի աշխատողների շահերը համապատասխան վարչապետը պաշտպանում ա, սեփականատերը պաշտպանում ա, պետք է միայն պահանջվի հանձնաժողովի նախագահից, որ երեկ էլ երեկոյան հանդիպել էին Թունյանը, Սեյրանը և Սարգսյանը՝ չորրորդ մարդի հետ, որ սա անընդունելի ա: Եթե այսօր հանձնաժողովը որոշում ա կայացրել, որ պետք է կլինկերը չհարկվի, տուրք չվճարի, ի՞նչ ա եղել, հիմա մենք ցեմենտ չենք արտադրելու, մենք կլինկեր ենք բերելու, ի՞նչն ա խնդիրը, եթե իրանք չեն մտածում և ասում են՝ թող մի քանի հարյուր ընտանիք էլ անգործ մնա»:
«Հանձնաժողովի նախագահը պարտավոր ա պատասխան տալու, քննարկելուց կտեսնենք, որ ժողովուրդն էլ իմանա իրանց թշնամին ով ա: Կառավարությունը հանձնարարել ա, հարցը լուծված ա, թե ինչ փոխվեց հանձնաժողովում, դուք բոլորդ ներկա կլինեք, կտեսնեք»,- հավելեց Ծառուկյանը: