ՄԻԵԴ-ում մերժվել է ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից մեկը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը մոտ 700 դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունների, խոշտանգումների, մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման վերաբերյալ:
Թերթին Ստրասբուրգից տեղեկություններ հասան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ներկայացված դիմումներից մի քանիսի մասով մերժման որոշումներ է հրապարակել։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի ներկայացրած «Խուդունցը` ընդդեմ Ադրբեջանի» բողոքին: Եվրոպական դատարանը դիմումատուների ներկայացրած բողոքները ճանաչել է անընդունելի: Ուշագրավն այն է, որ անընդունելի է համարվել կամ մերժվել է կոնկրետ հայցը այն պատճառով, որ դիմումատուն՝ մենք, չենք կարողացել հիմնավորել մեր պահանջը եւ փաստերով ապացուցել։
Իսկ ովքե՞ր են այդ հայցերի հեղինակները. նրանց թվում են Արա Ղազարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Արտակ Զեյնալյանը, որն այժմ ՀՀ արդարադատության նախարարն է, փաստաբաններ, իրավապաշտպաններ:
Բացի նրանցից, կատարվածում առանցքային դերակատարություն ունի նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Արտակ Գասպարյանը, որը պետք է ամեն գնով մեր շահերն առաջ մղի:
Ինչու՞ պարտվեցինք Եվրադատարանում, ինչու՞ չենք կարողացել հիմնավորել մեր հայցերը։
Թերթի այս հարցերին հայցերի համահեղինակ, այսօր արդեն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այսպես պատասխանեց.
«Այդքան պարզունակ չէ. ասել` մերժել է այդ հայցը։ Այն չի ընդունել քննության։ Ընդունելության փուլում լուծել է այդ հարցը եւ տվել են իրավական դիրքորոշումներ, գնահատականներ»։
Բա եթե ապրիլյան ակնհայտ ագրեսիան չեք կարողանում միջազգային ատյաններում հիմնավորել, մեր երկրիներսումինչպե՞ս պիտի արդարադատության մթնոլորտ ապահովեք։ Այս հարցին, Զեյնալյանը պատասխանեց, թե «շատ կոպիտ եք»։
Դե իհարկե, որովհետեւ ՄԻԵԴ-ում այս պարտությունը բոլորինս է, սրանք սոսկ մասնավոր գանգատներ չեն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: