ՊԵԿ-ը, Նորագավիթի մաքսատան աշխատակիցների ազատման հետ կապված, դեռևս տվյալներ չունի
Պետական եկամուտների կոմիտեն դեռևս որևէ նորություն չունի Նորագավիթի մաքսատան այն աշխատակիցների ազատման վերաբերյալ, որոնք պետք է դիմում գրեին և աշխատանքից հեռացվեին ՀՀ վարչապետի հրահանգով։
168.am-ին ՊԵԿ լրատվության բաժնից փոխանցեցին, որ ազատման դիմում գրելը, այնուհետև գալ ստորագրել ու հրամանի նախագիծ պատրաստելը պահանջում է որոշակի ժամանակ։
Մաքսատան ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանն առավոտյան հայտարարել էր, որ ազատման դիմում է գրելու: ՊԵԿ-ից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նրա դիմումն արդեն ստորագրել են, լրատվականից պատասխանեցին, որ այդ ամենը երկար գործընթաց է, և այս պահին պաշտոնական որևէ բան չկա, տեղեկություն ունենալու դեպքում այն կհրապարակեն։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 9-ին Նորագավիթի մաքսատուն կատարած այցի ընթացքում ՊԵԿ նախագահին հրահանգել էր աշխատանքից ազատել բոլոր նրանց, որոնք աշխատել այն սենյակում, որտեղ ՀՀ դրոշը հենված է եղել պատին։ Ըստ վարչապետի՝ դրոշի նկատմամբ նման վերաբերմունքն անարգանք է պետական խորհրդանիշի նկատմամբ։
Զվարթ Խաչատրյան