Բաժիններ՝

ԱՄՆ-ն ահաբեկչության գլխավոր տարածողն է աշխարհում. Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ահաբեկչության տարածողն է», իսկ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու Վաշինգտոնի որոշումը նա սխալ է համարել: Այդ մասին Ռոուհանին ասել է ապրիլի 9-ին Թեհրանում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը:

«ԱՄՆ-ը առաջատար դեր է խաղում աշխարհում ահաբեկչության տարածման մեջ: Ամերիկան սխալ գործեց՝ ԻՀՊԶ-ն ճանաչելով ահաբեկչական կազմակերպություն: Իրանական ժողովրդի մեջ զորակազմի հեղինակությունը միայն կմեծանա»,-ասել է նախագահը: Ռոուհանին հավելել է, որ ԻՀՊԶ-ն «միշտ էլ ահաբեկիչների դեմ պայքարով է զբաղվել Մերձավոր Արեւելքում, Իրաքում, Սիրիայում», մինչ «Իրանի թշնամիները զինում էին ահաբեկիչներին, նրանց պայթանյութ մատակարարում արյունահեղություն սարքելու համար»:

Իրանի նախագահը հայտարարել է, որ իր երկրի վրա ԱՄՆ-ի ճնշումը չի բերում այն արդյունքները, որոնք ակնկալում է Վաշինգտոնը: «Ինչի՞ եք դուք ձգտում հասնել պատժամիջոցներով: Դուք ասում եք, որ դրանք հարկավոր են, որպեսզի խանգարվի մեր զարգացումը, բայց դա սուտ է: Այդ ստի ապացույցը մեր առաջընթացն է տեխնոլոգիական բնագավառում, միջուկային մշակումներում, նոր ցենտրիֆուգների գործարկման ասպարեզում»,-հայտարարել է Ռոուհանին:

Նա հավելել է, որ Իրանը կշարունակի ցենտրիֆուգներ արտադրել միջուկային վառելիքի հարստացման համար եւ «կստեղծի IR8 մոդելի առաջավոր ցենտրիֆուգներ»: Ապրիլի 8-ին Իրանի իշխանությունները IR6 մոդելի ցենտրիֆուգների նոր կասկադ են գործարկել Նաթանզի օբյեկտում: Թեհրանը հայտարարել է, որ բոլոր այդ աշխատանքները համապատասխանում են ՄԱԳԱՏէ-ի կանոններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս