Դավիթ Ղազարյանի պաշտպանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել
«Սպայկա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու համար գրավի միջնորդություն է ներկայացրել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:
«Գրավի միջնորդությունը ներկայացվել է, սակայն չափը չի նշվել: Դատարանն այն գումարը, որը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- նշեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ Ղազարյանը դեռևս ցուցմունք չի տվել, նա հայտարարում է, որ եթե կա որևէ պարտավորություն օրենքի սահմաններում, ինքը պատրաստ է կատարել:
«Կալանավորման համար հիմք է հանդիսանում այն, որ Ղազարյանը կարող էր ազդեցություն ունենալ մարդկանց վրա իր օգտին ցուցմունք տալու առումով»,- նշեց Սարդարյանը:
Նրա խոսքով՝ Դավիթ Ղազարյանի դեմ որևէ ցուցմունք չի եղել, միայն փորձագետի մեկ եզրակացություն, ինչի մասին «Սպայկա»-ի տնօրենն ու պաշտպանական խումբը տեղյակ չեն եղել:
«Երեք օրվա ընթացքում, ինչն աննախադեպ է մեր պրակտիկայում, եզրակացություն է տրվել, որ իրականացվել է հաշվապահական փորձաքննություն ու որոշվել է հարկերի չափը: Այդ կարճ ժամանակահատվածում որոշվել է 7 մլրդ ՀՀ դրամ հարկ՝ առանց հարկատուին մասնակից դարձնելու»,- շեշտեց Կարեն Սարդարյանը:
Նրա պնդմամբ՝ իրենք նաև միջնորդություն են ներկայացրել, որպեսզի պաշտպանական խմբի մասնակցությամբ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակվի:
«Դրա արդյունքում գոյացած գումարը մենք պատրաստ ենք վճարել: Դեռևս այդ միջնորդության պատասխանը չենք ստացել»,- եզրափակեց Սարդարյանը:
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: