«Եթե այսօր Կառավարությունը նոր պարտք ներգրավի, համապատասխան գերատեսչությունները կկարողանա՞ն այդ միջոցներն արդյունավետ օգտագործել». փորձագետ
10 տարի առաջվա համեմատ՝ այսօր ունենք զգալի արտաքին պարտք, սակայն որակական և քանակական առումով փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այս մասին «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների համակարգային լուծումներ» խորագրով քննարկում ժամանակ ասաց պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե արժե պետական պարտքն ավելացնել, և դրա միջոցով պետական տարբեր ներդրումային ծրագրեր իրականացնել։
«Կցանկանամ առանձնացնել նախարարություններին և գերատեսչություններին տրամադրված միջոցների կառավարման կարողությունն ու ունակությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ ամենամեծ պարտքը որ ներգրավել ենք, վերաբերում էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագրին, որի համաձայն՝ այս տարվա սկզբին այդ ճանապարհի կառուցումը պետք է ավարտված լիներ, բայց փաստորեն մենք գիտենք՝ ինչ փուլում է կառուցումը։ Արձանագրեմ մեկ փաստ, որ 2014 թվականին Կառավարությունը որոշել էր դադարեցնել այդ ճանապարհի շինաշխատանքները՝ համապատասխան կարողություններ, մասնագետներ ու նորմատիվ ակտեր չունենալու պատճառով, հիմա մենք չունենք երաշխիքներ, որ այլ ոլորտներում իրավիճակը բարելավվել է»,- ասաց Արտակ Քյուրումյանը։
Նրան մտահոգում է՝ եթե այսօր ՀՀ կառավարությունը նոր պարտք ներգրավել, արդյոք համապատասխան գերատեսչությունները կկարողանա՞ն այդ միջոցներն արդյունավետ օգտագործել և իրականացնել փոփոխություններ։
«Օրեր առաջ Կառավարությունը ներկայացրեց 2019-24 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որտեղ հստակ ասվում է, որ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 2017 թվականին կտրուկ կրճատվել է՝ պայմանավորված անասնակերի գնի աճով։
Հետո ասում են՝ բերելու են այսքան գլուխ անասուն, որ բարելավեն վիճակը, և այլն, ընդ որում, այնպիսի քանակ չեն բերում, որ որակական փոփոխություն բերի այդ ոլորտում»,- շեշտեց փորձագետը։
Նրա կարծիքով՝ պետական ֆինանսական կառավարման համակարգում պետք է վերլուծեն նախկին կառավարությունների սխալները, որպեսզի նույնը չկրկնվի։
Զվարթ Խաչատրյան