«Այն պառլամենտը, որը մերը չէր և զավթված էր, կարողանում էր իրապես դիմադրել հեղափոխությանն ու որևէ զարգացման». Լարիսա Մինասյան

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունն այսօր կազմակերպել էր «Հետհեղափոխական Հայաստան. համակարգային խնդիրների  համակարգային լուծումներ» խորագրով քննարկում, որին մասնակցում էին տարբեր հ/կ-ներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։

«Բաց հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի խոսքով՝ քննարկման նպատակն է՝ լայն շրջանակներին ներկայացնել այն ֆորմալ փաստաթուղթը, որը մի շարք կազմակերպություններ և անհատներ մշակել են դեռևս նախորդ տարի։

Ըստ նրա՝ մշակված փաստաթուղթը հրապարակվել էր Ամանորից առաջ՝ պասիվ ձևով։

«Մի շարք կազմակերպություններ հավաքվեցին, մշակեցին իրենց տեսլականը, ըստ որի՝ Հայաստանում ընտրություններից հետո հաջողվեց կոնսոլիդացնել հեղափոխության և ժողովրդավարության նվաճումները՝ ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Մենք ունենք ռեֆորմների այն տեսլականը, որը կկարողանա նաև սկսել բարեփոխումների երրորդ փուլը, եթե կարելի է այդպես ասել»,- քննարկման մեկնարկին իր խոսքում նշեց Լ. Մինասյանը։

Նա ընդգծեց, որ նախորդ տարվա ապրիլյան հեղափոխությունից առաջ կար բացարձակ մեկուսացված քաղաքական դիսկուրս, արժեզրկված քաղաքացի, որը կարողացավ համախմբվել և Հայաստանին հետ բերել այն գործընթացներից, որով գնում էր։

«Հեղափոխությունից հետո մինչ օրս մենք ունենք տարբեր հանրություն ու քաղաքացի։ Ընտրությունների միջոցով կարողացանք նաև պառլամենտի մեր ներկայացուցիչներին բերել հեղափոխական դաշտ։ Եթե մտովի գնանք մինչև այդ ընտրությունները, կտեսնենք, որ արդեն հեղափոխության կայացման պարագայում, այն պառլամենտը, որը մերը չէր և զավթված էր, կարողանում էր իրապես դիմադրել հեղափոխությանն ու որևէ զարգացման։ Բոլոր ժողովրդավար ինստիտուտները կարիք ունեն տրանսֆորմացիայի, չլինելով ժողովրդավարական՝ դառնալ այդպիսին, վերահսկելի քաղաքացու ու հանրության կողմից։ Սա լուրջ տրանսֆորմացիայի խնդիր է, այն հեշտ չէ, քանի որ հակառակ գործընթացը կատարվել է ամենաքիչը 15 տարիների ընթացքում»,- շեշտեց Լարիսա Մինասյանը։

Նա տեղեկացրեց, որ այն կազմակերպությունները, որոնք հավաքվել ու գրել են բարեփոխումների ֆորմալ փաստաթուղթը, տարիների ընթացքում մանրակրկիտ  հետազոտել են կամ մշտադիտարկել են գործընթացը, թե ինչպես է իշխանության զավթումը կատարվել։ Տարբեր ինստիտուտներ՝ դատական, հանրային առողջապահության, կրթության և այլն, բարեփոխումների ներքո զավթվել են, բայց այսօր ներկայացված տեսլականով փորձում են նախանշել այն բարեփոխումները, որոնցով կկարողանան հետ բերել զավթված ինստիտուտները և դարձնել ժողովրդավարական։

«Չպետք է թույլ տանք անցյալի կրկնողությունը, բայց մենք չենք ասում, որ մեր ներկայացրած տեսլականը բարեփոխումների վերջնական եղանակն է, քանի որ դա կլիներ անցյալի մեջ ապրելը։ Սա այն է, ինչն առաջարկել ենք բոլորին՝ հ/կ-երին, քաղաքական ուժերին, որպեսզի դառնան այս քննարկման մասը»,- ընդգծեց Լարիսա Մինասյանը:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս