«Առողջապահության նախարարը կամայական մոտեցում է ցուցաբերում ոլորտում, ինչը բժշկական շրջանակներում մեծ դժգոհություն է առաջացրել». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նախարարը հրաժարական կտա՞, թե՞ չի տա»,- այս մտահոգությունն է առկա առողջապահական համակարգում։ Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալումը` կաշառք վերցնելու հիմքով, ցնցել է բժշկական աշխարհը։
Ավելին, մեզ հետ մասնավոր զրույցներում շատերը համոզմունք հայտնեցին, որ այս կալանավորմանը պետք է հետեւի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը. «Եթե այդպիսի բան լինի, ուրեմն կնշանակի, որ Հայաստանում ինչ-որ բան փոխվել է, իսկ եթե ոչ, ուրեմն հին ավանդույթները շարունակվում են»։
Հիշեցնենք, որ կաշառք վերցնելու փաստն առնչվում է պետպատվերի հատկացման հետ։ Ի դեպ, «Իրատեսի» թիվ 21-ում «Խտրականությանը պետք է վերջ դրվի» հոդվածում մենք անդրադարձել ենք պետպատվերի թեմային, նշելով, որ այս հարցում խտրական մոտեցում է ցուցաբերվում։
Իսկ այս տարվա փետրվարին նախարար Արսեն Թորոսյանը, պարզաբանելով, թե ինչու նախկինում իր ղեկավարած «Мибис» համակարգչային տոմոգրամայի եւ «Յամերի» հետազոտման կենտրոնին 2019-ին երկու անգամ ավելի գումար է հատկացվել պետպատվերի համար, ասել էր, որ ինքն այլեւս այդ կենտրոնի հետ կապ չունի, եւ որ այդ կենտրոնի տնօրենն իր կինն է։ Այստեղ են ասել` առանց մեկնաբանության։
Նկատենք, որ պետպատվերի հատկացումը առողջապահության ոլորտում որեւէ փոխնախարարի իրավունքը չէ, եւ պետպատվերը հաստատում է նախարարը։ Ամեն դեպքում, այս պահին փաստը մնում է փաստ, որ առողջապահության նախարարը կամայական մոտեցում է ցուցաբերում ոլորտում, ինչը բժշկական շրջանակներում մեծ դժգոհություն է առաջացրել։
Նույն այդ շրջանակները փաստում են, որ շուրջ վեց ամիս է «Արմենիա» ԲԿ-ի ղեկավարն ընդունելություն է խնդրում Արսեն Թորոսյանից, սակայն ապարդյուն։
Բանը հասել է նրան, որ աշխատակիցները պատրաստվում են դիմում-բողոք գրելու վարչապետին։ Ի դեպ, նշվում է նաեւ, որ «Արմենիա» ԲԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը մի քանի անգամ նվազել են առողջապահության նախարարի «թեթեւ ձեռքով»։
Որքանով է այս տեղեկությունը հավաստի, փորձեցինք ճշտել առողջապահության նախարարությունից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: