«Մեր երկրի նման երկրի պաշտպանության նախարարը պետք է բազե լինի, ոչ թե ճնճղուկ, և ես ուրախ եմ, որ Դավիթ Տոնոյանը մտել է հենց այդ դաշտ». Արմեն Աշոտյան
«Պաշտպանության նախարարը չպետք է դիվանագետ լինի, և լավ է, որ Դավիթ Տոնոյանը այդ իմաստով դիվանագետ չէ։ Պաշտպանության նախարարը պետք է կատարի իր գործը, իր ոլորտի պատասխանատվության շրջանակներում։ Մեր երկրի նման երկրի պաշտպանության նախարարը պետք է բազե լինի, ոչ թե ճնճղուկ, և ես ուրախ եմ, որ նա մտել է հենց այդ դաշտ։ Այստեղ շատ կարևոր այլ նրբություն կա։ Պետք է ժամանակային առումով համադրել. Դավիթ Տոնոյանի այդ հայտարարությունը եղել է Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո՞, քանի որ ժամային գոտիների տարբերություն կա։ Եթե եղել է հետո, այստեղ նոր շերտ է բացվում վերլուծությունների համար։
Ես չեմ կարծում, որ Դավիթ Տոնոյանն ինքնագլուխ նման հնչեղ հայտարարություն արած լինի։ Այդ հայտարարության ոգին, էությունը ամբողջովին կիսելով՝ ուզում եմ հասկանալ խաղի նրբությունը։ Եթե դա արվել է Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, բնականաբար, համաձայնեցված է եղել Փաշինյանի հետ, իսկ դա նշանակում է, որ բովանդակային առումով այդ հանդիպման մեջ հայկական կողմի վրա ճնշումների գործադրման, սպառնալիքներ հնչեցնելու որոշակի արտահայտումներ եղել են, եթե հայկական կողմը հանդիպումից հետո խոսում է այս լեզվով ու ճիշտ լեզվով։ Ժամանակային գրաֆիկը որ հասկանանք այդ ելույթի, այդ ժամանակ կարող ենք փորձել ավելի խորը հետևություններ անել։ Բայց ակնհայտ է, որ պաշտպանության նախարարը, պատասխանատու լինելով մեր ազգային անվտանգության հենասյուն հանդիսացող ազգային բանակի համար, այո, նա պետք է այդպես խոսի և այդպիսին լինի»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ 24news.am- եթերում մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աղմկահարույց հայտարարությունը։
Վերջինս հիշեց նաև, որ սա առաջին դեպքը չէ։ Սերժ Սարգսյանը ևս, երբ գլխավոր գերագույն հրամանատար էր, քանիցս հայտարարել է, որ ագրեսիայի դեպքում անգամ «Իսկանդերի» կոճակը չի վարանի սեղմել։ Այս գիծը պարբերաբար եղել է, և լավ է, որ այսօր էլ կա։ Պետք է պարզապես հասկանալ, որ, եթե այս հայտարարությունը հանդիպումից հետո ծրագրավորված ուղերձ էր, ապա հանդիպման ընթացքում ինչ-որ մի բան այնպես չի անցել։
«Մի կարևոր դիտարկում ևս։ Վերջին 20 տարիների ընթացքում մեր ոչ մի ղեկավար՝ ոչ Ռոբերտ Քոչարյանը և ոչ էլ Սերժ Սարգսյանը «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափով չեն բանակցել։ Այսինքն, երբ Դավիթ Տոնոյանն ասում է՝ «այլևս», ուզում եմ հասկանամ՝ այդ «այլևս»-ը ում է վերաբերում։ Մեր օրոք նման տեսակի բանակցություններ չեն եղել։ Մենք բացառիկ շեշտադրումը մշտապես արել ենք Արցախի կարգավիճակի մասին, և ինքնորոշման իրավունքը մեր բանակցված փաթեթում մշտապես ֆիքսված է՝ որպես կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը»,- շեշտել է Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչո՞ւ նախկինում ավելի հնչեղ կերպով առաջ չի քաշվել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեզը, ԱԺ նախորդ գումարման Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասել է, որ չի եղել ՀՀ որևէ ղեկավար, ով դրա մասին չի խոսել, և այդ մասին խոսել է և Սերժ Սարգսյանը, և որոշ ժամանակահատվածներում՝ նաև Ռոբերտ Քոչարյանը։
«Պետք է հասկանալ՝ դա ինքնանպատակ է՞, թե՞ ոչ։ Վերադարձնելու հնարավորությունները չբացառելով և կիսելով այդ մոտեցումը, քանի որ, եթե մեզ մոտ չի ստացվել, մենք ուրախ կլինեինք, որ Փաշինյանի մոտ դա ստացվեր, բայց եթե մի բան խոստանում ես, ու չի ստացվում, թող ազնիվ լինի ու ասի՝ չի ստացվում, ժողովուրդ… Արցախը բանակցային սեղան վերադարձնելու համար պետք է Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը այս հարցում, որ Ադրբեջանը ստիպված ընկալի դա։ Մեր իշխանության օրոք կար պայմանավորվածություն, որ ԼՂՀ-ն պետք է միանար խաղաղության համապարփակ համաձայնագրի մշակման և ստորագրման գործընթացին։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է դրանից առաջ Արցախը բանակցային սեղան վերադարձնել, շատ լավ, թող վերադարձնի»,- ասել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ, եթե ռուսական կողմը և գրեթե բոլոր համանախագահներն ասել են, որ եթե կողմերը, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը, պայմանավորվեն, իրենք դեմ չեն լինի Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալուն, դա նշանակում է, որ նրանք ձեռքերը լվանում են այս փուլում այս հարցից, որովհետև ակնհայտ է, որ Փաշինյանն Ալիևին միայնակ չի կարող համոզել։
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ դիվանագիտական աշխատանք չի տարվել, որովհետև եթե մենք այս հարցում չունենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության՝ ի դեմս Ֆրանսիայի, աջակցությունը, նշանակում է՝ մենք նրանց չենք կարողացել բացատրել մեր տեսակետը, ուրեմն ինչպե՞ս պետք է բացատրենք Ադրբեջանին։ Առանց համանախագահների՝ Ադրբեջանի վրա ճնշման՝ Արցախը չի կարող վերադառնալ բանակցային սեղան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպման, ՀՀԿ-ի ռեբրենդինգի և Սերժ Սարգսյանի՝ առաջիկայում հրապարակային խոսքով հանդես գալու հնարավորության մասին։
Gepostet von Armen Ashotyan am Montag, 1. April 2019