Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբին
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Սիրիայում գտնվող Հայաստանի մարդասիրական խմբին:Արամ Ա Կաթողիկոսը, ողջունելով ներկաներին, կարևորել է մարդասիրական խմբի գործունեությունը:
«Որտեղ էլ գտնվենք, մեզնից յուրաքանչյուրն իր ձևով, իր մոտեցումով պետք է մասնակից դառնա Հայրենիքի հզորության հավաքական աշխատանքին, ինչը սովորական գործ չէ, այլ առաքելություն է: Այլ խոսքով, Հայաստանի հզորացումը Արցախով, մեր ժողովրդի բոլոր զավակների համար հայրենակերտման առաքելություն է: Այստեղ ձեր ներկայությունը մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ներկայությունն է»,-ասել է կաթողիկոսը:
Արամ Ա Կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդն արդարություն, խաղաղություն մարդասիրություն է տարածում ամեն տեղ:
«Ցեղասպան թուրքն ամեն տեղ մահ սփռեց, իսկ մեր ժողովուրդը վերածնվեց, կյանք տարածեց, և այդ առաքելությամբ լցված եք դուք: Կարծում եմ, որ լավ գիտեք, թե ինչպես ժամանակին Հայոց ցեղասպանությունից փրկվածներին սիրիացի ժողովուրդը սիրով ընդունեց, իր հացը կիսեց: Այսօր ձեր ներկայությամբ, ձեր մարդասիրական առաքելությամբ մեր սերն ու գնահատանքն եք հայտնում սիրիացի ազնիվ ժողովրդին»,-հավելել է կաթողիկոսը:
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ): Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՅՑԵԼԵՑ ՍՈՒՐԻՈՅ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՒՄԲԻՆ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս այցելեց Սուրիոյ մէջ ծառայող Հայաստանի մարդասիրական խումբին, որ կը բաղկանայ ականազերծողներէ, բժիշկներէ եւ անոնց անմիջական անվտանգութիւնը ապահովող հայ մասնագէտներէ:
Gepostet von Cilicia TV am Montag, 1. April 2019