Ապրիլի 1-ը թռչունների պաշտպանության միջազգային օրն է. տարվա թռչունը՝ երկնագույն ալկիոն
Ապրիլի 1-ը թռչունների պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանը թռչունների պաշտպանության վերաբերյալ հատուկ օրենք չունի, սակայն 1993 թվականից անդամակցում է չվող թռչունների պահպանման «Միջազգային կարևորության ջրաճահճային տարածքների մասին՝ հատկապես որպես ջրլող թռչունների բնադրավայր» միջազգային կոնվենցիային:
1600 թ. ի վեր թռչունների մոտավորապես 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայումս էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման եզրին:
1902 թվականի մարտի 19-ին ընդունվել է «Գյուղատնտեսության մեջ օգտակար թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան», որն ստորագրել են տասից ավելի պետություններ: Այն ուժի մեջ է մտել 1905 թվականի դեկտեմբերի 12-ին: 1950 թվականի հոկտեմբերի 18-ին Փարիզում ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան», որը փոխարինել է նախորդ փաստաթղթին:
Իսկ բուն թռչունների օրը կապում են 1894 թվականին ամերիկյան Օյլ-Սիթի փոքր քաղաքի ուսուցիչ Չարլզ Բեբկոկի կողմից կազմակերպված մանկական տոնի հետ: Շուտով Թռչունների օրը՝ որպես ժողովրդական տոն, սկսել են լայնորեն նշել երկրի բոլոր նահանգներում:
Տոնի նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է: Թռչնաբանները նախազգուշացնում են՝ թռչունների անհետացումը կբերի էկոլոգիական աղետի, իսկ դրա հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել մարդկության համար: Նրանց կարծիքով՝ թռչունների ոչնչացումը անդառնալի վնաս կհասցնի կենսաբանական բազմազանությանը:
Հայաստանի թռչունների պահպանման միությունը կազմակերպում է «Տարվա թռչուն» խորագրով միջոցառումը, որն անց է կացվում հանրային քվեարկության միջոցով: Այս տարի տարվա թռչուն է ճանաչվել երկնագույն ալկիոնը: