Բաժիններ՝

«Կառավարության և «Lydian International»-ի միջև խնդիրը դեռ հնարավոր է լուծել արտադատական ճանապարհով». փաստաբան

Մարտի 11-ին «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը պաշտոնական հայտարարություն էր տարածել Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ։ Հայտարարության մեջ ընկերությունը նշել էր, որ կդիմի միջազգային արբիտրաժ, եթե Հայաստանի Հանրապետությունը կյանքի չկոչի ընկերության հետ կնքված պայմանագրի դրույթները։ Հայտարարության մեջ ընկերությունը նաև հստակ ընդգծել էր, որ պատրաստ են բաց քննարկումների ՀՀ կառավարության հետ։

Թեև «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից դեռ գործընթացը չի սկսվել, սակայն շատերը միակարծիք են, որ ընկերության և ՀՀ կառավարության միջև առաջացած անհամաձայնությունները կարող են լուրջ վնաս հասցնել Հայաստանի միջազգային հեղինակությանը, հայաստանյան ներդրումային դաշտին, քանի որ ընկերության հետ կատարված օրինակը կարող է վանել ներդրողներին։ Հիշեցնենք, որ բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը՝ 370 մլն դոլար ընդհանուր արժեքով:

168.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն անդրադառնալով այս խնդրին, նկատեց՝ դեռ հարց է, ընկերությունը կդիմի՞ միջազգային արբիտրաժ, թե ՞ ոչ։

«Եթե ընկերությունը որոշի դիմել միջազգային արբիտրաժ, ուղղակի ցույց կտա, որ կա տարաձայնություն ներդրողի և կառավարության միջև։ ՀՀ կառավարությունն արդեն հայտարարել է, որ հանքարդյունաբերության ոլորտում շրջակա միջավայրի փորձաքննությունը պետք է բավարար լինի։ Դատարանը պետք է ուսումնասիրի և՛ կառավարության և՛ ընկերության փաստարկները։ Եթե ընկերությունն այս վեճում հաղթի, ապա երկու բան կնշանակի, որ կառավարության համապատասխան գերատեսչությունները լուրջ պատրաստված չեն եղել, և, եթե չկարողանան հիմնավորել իրենց տեսակետները, ապա այդ դեպքում կստացվի, որ կառավարությունն այս հարցում պարտություն կրեց, և դրա արդյունքը կարող է լինել պետության կողմից փոխհատուցումը՝ այսքան ուշացումների համար, քանի որ ընկերությունը միշտ հայտարարում է, թե ամսական որքան կորուստներ է ունենում այս խնդիրների պատճառով»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Հարցին՝ ընկերության հետ կապված այս խնդիրը որքանո՞վ կարող է ազդել Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, Գագիկ Մակարյանը նշեց, որ այս ամենը կարող է դիտարկվել՝ որպես մի գործընթաց, որի դեպքում պետությունը պարզապես պարտություն է կրում։

«Ինչպես Եվրոպական դատարանում իրավունքների դեպքում ենք այդ խնդիրն ունենում, որից հետո պետությունը դատարանի սխալ որոշումների համար փոխհատուցում է տալիս»,- շեշտեց տնտեսագետը։

Փաստաբան Նորիկ Նորիկյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից ներդրումային պորտֆելի իրագործման համար փաստորեն ստեղծվել են իրավապայմանագրային հարաբերություններ, և այդ իրավապայմանագրային հարաբերությունները կարգավորող իրավական ընթացակարգերով «Լիդիան Արմենիա» ընկերությանն իրավունք է վերապահված իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերականգնելու համար դիմել դատական պաշտպանության։

«Ինչպես «Լիդիան» ընկերությունը, այնպես էլ ցանկացած այլ սուբյեկտ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ունի դատական պաշտպանության իրավունք։ Չգիտեմ, թե որքանով է հիմնավոր ընկերության դիրքորոշումը՝ դատական պաշտպանության դիմելու, բայց կարծում եմ՝ ընկերության հետ կապված խնդիրը քաղաքական կամքի դաշտում գտնվող խնդիր է։ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանի մի քանի ստրատեգիական հարցերի՝ ինչպե՞ս է պատկերացնում հանքարդյունաբերության ապագան Հայաստանում, դրա իրագործման համար ինչպիսի՞ չափորոշիչներ է սահմանում, արդյո՞ք «Լիդիան» ընկերությանը տրված լիցենզիաները տրվել են խախտումներով, արդյո՞ք բնապահպանական ստուգումները կատարվել են ՀՀ-ում սահմանված չափորոշիչների համաձայն, կամ՝ ընկերությունը չի՞ խախտել որևէ իրավական նորմ և դուրս չի՞ եկել իրեն տրված լիազորությունների շրջանակից։ Այսինքն՝ սրանք շատ բարդ հարցեր են, որի պատասխանը պետք է տա կառավարությունը»,- ընդգծեց փաստաբանը։

Նրա բնորոշմամբ՝ ՀՀ կառավարությունը պետք է մեծ նրբանկատություն ցուցաբերի այս հարցի հետ կապված, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ամենախոշորագույն ներդրողներից մեկն է Հայաստանում։ Այս համատեքստում, Ն. Նորիկյանի կարծիքով՝ կառավարությունը պետք է գործադրի առավելագույն ջանքեր խնդիրն արտադատական ճանապարհով լուծելու համար՝ թույլ չտալով, որ խնդիրը լուծվի դատական ճանապարհով։

«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում այս ամենի հետ կապված լավ ուղերձ չի գնալու միջազգային հանրությանը կամ միջազգային ենթադրյալ ներդրողներին, այն առումով, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո տվյալ ընկերության հետ խնդիրներ կան»,- շեշտեց նա։

Մյուս կողմից էլ՝ փաստաբանը նկատեց՝ անթույլատրելի է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են Հայաստանի շահերին, այսինքն, եթե որևէ ընկերության գործունեության արդյունքում իսկապես վնասում է Հայաստանի բնապահպանությանը, ապա ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտպանել երկրի շահերը։

«Սա լուրջ խնդիր է, որը կառավարությունից պահանջում է ճկուն մոտեցում։ Կարծում եմ՝ այս գործում կհաղթի ողջամտությունը, մի կողմից՝ գործ ունենք հանքարդյունաբերության խոշորագույն ծրագրի հետ, անձամբ չէի ցանկանա, որ Հայաստանում որևէ ներդրումային ծրագիր «պրավալ» գնար, մյուս կողմից էլ՝ դեմ եմ, որ որևէ ներդրումային ծրագիր իրականացվի ՀՀ ազգային, պետական շահերին հակադիր։ Հետևաբար, խնդիրը մասնագիտական փորձաքննության կարիք ունի, ավելի, քան փորձագիտական շրջանակները պետք է տան իմ թվարկած հարցերի պատասխանները։ Եթե փորձագետները հայտնեցին, որ Ամուլսարի շահագործումը չի վնասում բնությանը, միանշանակ ողջունելի կլինի, որ այս ծրագիրն իրականացվի, բայց եթե հակառակը պարզվի, ապա միանշանակ պետք է շահագործումը դադարեցվի»,- նշեց Նորիկ Նորիկյանը։

Նրա կարծիքով՝ կառավարության և ընկերության միջև կամուրջները վերջնական չեն այրվել, ուստի դեռ հնարավոր է, որ կառավարությունն ընկերության հետ արտադատական ճանապարհով համաձայնության գա։

Հարցին՝ եթե ընկերությունը դիմի միջազգային արբիտրաժ, ֆինանսական ի՞նչ կորուստներ են սպասվում պետությանը, փաստաբանը պատասխանեց, որ ծանոթ չէ կառավարության և ընկերության միջև կնքված պայմանագրերին, սակայն, ենթադրվում է, որ խոսքը խոշոր գումարների մասին է։

«Ընկերությունը միլիոնավոր դոլարների ներդրումներ է իրականացրել կամ պատրաստվում իրականացնել։ Որքանով տեղյակ եմ, այս տարիների ընթացքում ընկերությունը մեծ ներդրումներ է արել, հետևաբար՝ ֆինանսական փոխհատուցումների առումով՝ սա շատ լուրջ խնդիր է։ Բայց եթե հակառակը պարզվի, որ ընկերությանը լիցենզիա է տրամադրվել օրենքների խախտումով, ապա պետությունը ընկերությունից պետք է այդ գումարը պահանջի»,- ասաց փաստաբանը։

Նա նաև հավելեց, որ այդուհանդերձ այս խնդրին չպետք է մատների արանքով նայել, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերության նման հզոր պորտֆել է եկել Հայաստան, և, եթե ամեն անգամ պետությունը նման հնարավորությունը ձեռքից բաց թողնի, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս է երկիրը զարգանալու։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս