Բաժիններ՝

50 հազարից ավելի ճապոնացիներ չեն վերադարձել հայրենի քաղաքներ «Ֆուկուսիմայի» վթարից հետո

Շուրջ 52 հազար մարդ տակավին տարահանման մեջ է մնում այն հուժկու երկրաշարժից եւ ցունամիից հետո, որոնք ութ տարի առաջ հանգեցրին «Ֆուկուսիմա-1» ատոկայանի վթարին:

«Թեեւ տարահանվածների թիվը նվազել է բարձրակետային 470 հազարից, այնուամենայնիվ, շուրջ 52 հազար մարդ տակավին չի վերադարձել հայրենի քաղաքներ 9 մագնիտուդով երկրաշարժից հետո, որը տարածաշրջանում տեղի ունեցավ 2011 թվականի մարտի 11-ին»,- հաղորդել է The Mainichi թերթը:

Ավելի վաղ «Կիոդո» գործակալությունը նշել է, որ շուրջ 1,3 հազար մարդ այսուհետեւ էլ կմնա տարահանման գոտիների ժամանակավոր կացարաններում նոր բնակարնների կառուցման ձգձգումների եւ ֆինանսական խնդիրների պատճառով:

Ազգային ոստիկանական գործակալության տվյալների համաձայն՝ 2011 թվականին տարերային աղետի հետեւանքով զոհվել է 15 հազար 897 մարդ եւ 2 հազար 553-ը մինչ օրս համարվում է անհայտ կորած: Առավել տուժել են Իվատեի, Միյագիի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաները: Աղետի հետեւանքների լիակատար վերացման համար կպահանջվի 30 – 40 տարի, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս