«Ամեն ինչին ձև կա, չափ ու սահման կա». Ռուբեն Մելիքյանը՝ ԵՊՀ շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր է՝ հետևում եմ Համալսարանում ծավալվող իրադարձություններին։ Դրանք ինձ խիստ անհանգստացնում են, քանի որ հրապարակային տեղեկությունները վկայում են ողջ գործընթացում «իրավական մշակույթի վակուումի» մասին։
Ի՞նչ նկատի ունեմ։ Եթե մոռանում ենք անունները և օգտագործում ենք X-եր և Y-ներ, ապա իրավիճակը մոտավոր հետևյալ տեսքն ունի։
1. X համալսարանի ռեկտոր Y-ն իշխող քաղաքական ուժի կողմնակից չէ։
2. կարևորագույն ստուգող մարմնի (այսուհետ՝ ՊՎԾ) ղեկավար Z-ը, իշխող քաղաքական ուժը ներկայացուցիչ, պաշտոնը ստանձնելիս կարճ ժամանակ անց հայտարարում է, որ ստուգումներ է սկսելու X համալսարանում։
3. ՊՎԾ-ն սկսում է մեծածավալ ստուգումներ X համալսարանում, որոնք տևում են ամիսներ։
4. Նախքան ստուգումների արդյունքները ստուգվողին նկատառումների համար ներկայացնելը՝ Z-ը հրապարակավ հայտարարում է մոտ 2մլն$ չարաշահումներ հայտնաբերելու մասին, և նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։
5. Y-ը հրապարակավ հանգամանալից բացատրություններ է ներկայացնում՝ հիմնավորելով չարաշահումների բացակայությունը։
6. Փոխվում է X համալսարանի հոգաբարձուների խորհուրդը՝ 50%-ով կազմված իշխող քաղաքական ուժի նշանակած անձանցից։ Այն միաձայն հաստատում է ռեկտոր Y-ի տարեկան հաշվետվությունը։
7. Իշխող քաղաքական ուժը ներկայացնող Կրթության նախարարը հորդորում է ռեկտոր X-ին հրաժարական տալ։
8. Ռեկտոր X-ը հանրայնացնում է հորդորը և հայտարարվում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
9. Հաջորդ օրը Ոստիկանությունում հարուցվում է քրեական գործ X համալսարանում չարաշահումների վերաբերյալ 3 դրվագով։ Դրվագներից առնվազն մեկը ակնհայտ անհիմն է։ «Չարաշահումների» հայտարած ծվավալը նվազել է մինչև 0.05մլն$ է:
10. Երկու օր հետո Հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվում՝ ռեկտոր X-ին պաշտոնանկ անելու օրակարգով։
Փաստերի այս նկարագրության շրջանակում ո՞վ է պատրաստ հրապարակավ փաստարկել, որ գործ չունենք քաղաքական (լայն առումով) հաշվեհարդարի կամ քաղաքական (լայն առումով) հետապնդման հետ։ Ո՞վ է պատրաստ հրապարակավ կամ թեկուզ ոչ հրապարակավ բանավիճել։
Վաղը ժամը 12։40-ից մեկ ժամով լինելու եմ Համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց, և պատրաստ եմ եղած վիճակի բազմակողմանի ու շիտակ քննարկման։
Կարևոր նկատառում։ Ես Արամ Սիմոնյանին չէ, որ պաշտպանում եմ։ 2006-ին ԵՊՀ ռեկտորի ընտրության ժամանակից ի վեր այս հարցում իմ դիրքորոշումը չի փոխվել։ Իմացողները գիտեն։ Ես պաշտպանում եմ իրավական մշակույթը և Համալսարանի շահը։ Սա անձի խնդիր չէ, այլ հաստատուտության։ Կարևորագույն ազգային-կրթական հաստատության։
Հ.Գ. Ամեն ինչին ձև կա, չափ ու սահման կա»։
Մի քանի օր է՝ հետևում եմ Համալսարանում ծավալվող իրադարձություններին։ Դրանք ինձ խիստ անհանգստացնում են, քանի որ…
Gepostet von Ruben Melikyan am Montag, 25. Februar 2019