Վճռորոշ ճակատամարտում Սորոսը պարտվեց, կամ մեծ փողերի անզորությունը

Եվ այսպես, կարծես թե ավարտվեց մհերենոքյանական տրագիկոմեդիայի հերթական արարը։ Վարչապետն ու նախագահը ներում չշնորհեցին 1996թ. իր համակուրսեցու սահմռկեցուցիչ սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին, և Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը՝ նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, ով այդ նախագծին դրական եզրակացություն էր տվել, մնաց ձեռնունայն։

Հասարակության մի ստվար զանգված հույս ունի համենայն դեպս մինչև 2029թ., երբ Մհեր Ենոքյանն իրավունք կունենա դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, փակ համարել այս թեման։

Այստեղ արդեն սկսվում է ամենահետաքրքիրը։

Ակնհայտ է, որ ՀՀ արդարադատության նախարարն ինքնագլուխ այդ նախագծին դրական եզրակացություն չէր տա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործը, ըստ ամենայնի, հասարակական հնչեղություն ունենալով, մեծ աղմուկ կբարձրացներ մարդկանց շրջանում։

Ուրեմն, ինչո՞ւ վարչապետ Փաշինյանը վերջին պահին Զեյնալյանին մենակ թողեց իր որոշման հետ՝ քավության նոխազ դարձնելով վերջինիս, քանի որ չի բացառվում, որ ներման հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի հետ նախարարը, այնուամենայնիվ, առանձին զրույց ունեցած լինի։

Այլ հարց է, թե ինչո՞ւ էր պետք Մհեր Ենոքյանին ազատություն շնորհել, երբ վերջինս երբևէ չէր զղջացել, ում մեղքը դատավճռով ապացուցված էր, ազատազրկման տարիներին 2 փախուստ էր ունեցել, զոհի հարազատներից որևէ անգամ ներում չէր հայցել, ու  հանկարծ որոշում է ներում խնդրել բարձրագույն ղեկավարությունից։

Արդյո՞ք այստեղ գործ չունենք սորոսական հետաքրքրության հետ։ Չէ՞ որ այլ պարագայում՝ ցմահների գործերը վերաբացելու, իսկ Մհեր Ենոքյանից տարիներ ի վեր «հերոս» կերտելու վրա ծախսված պատկառելի գումարներն ինքնանպատակ չէին կարող վատնված լինել։ Իսկ այդ գումարների ծագումը հրապարակային է։

Եվ ինչքան էլ որ մեր երիտասարդ սորոսականները, ովքեր այժմ իշխանության ամենավերին օղակներում տարատեսակ պաշտոններ են զբաղեցնում, իրենց գիտակցաբար հեռացնեն Սորոս պապիկից, դա նրանց չի հաջողվելու, քանի որ վերջինս թույլ չի տալու ազատվել իր ճիրաններից, ու պատահական չէր նրա թվիթերյան գրառումը։

«Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար»,- գրել է նա։

Սա «ահազանգ» է բոլոր նրանց համար, ովքեր իրենց մտքով կարող են երբևէ անցկացնել «գցել» Ջորջ Սորոսին։

Հետագա իրադարձություններն ավելի հետաքրքիր են լինելու, քանի որ գործողությունների այն հաջորդականության մեջ, երբ վարչապետը «գցեց» Արդարադատության նախարարին, ու ստացվում է, որ երկուսով էլ՝ Սորոսին, ակնկալվում են համարժեք արձագանքներ։

Ու այդ արձագանքները Արտակ Զեյնալյանի՞, թե՞ փոխնախարարների պաշտոնանկության գնով են լինելու, ցույց կտա ժամանակը։ Մի բան հստակ է. Սորոսը խիստ հետաքրքրված է Հայաստանի դատական, իսկ ընդհանուր առմամբ՝ արդարադատության համակարգով։

Այնուամենայնիվ, նախարար Զեյնալյանն ինքն էլ չի թաքցնում, կարծես թե, որ հիասթափված է վարչապետի ու նախագահի որոշումից՝ իր այդ հիասթափությունը քողարկելով իրավունքի գերակայության մասին թեզերով։

«Ներման խնդրագիրը բավարարելը կամ մերժելը հայեցողական լիազորություն է և բացատրման, պարզաբանման ենթակա չէ»,- նշել է Զեյնալյանը, ապա հավելել, որ հասարակությունը դեռևս պատրաստ չէ վեր կանգնել և առաջնորդվել իրավունքի գերակայության սահմանադրական կատեգորիայով:

«Բոլորը պետք է իմանան, որ ցմահ ազատազրկում պատժաչափը պայմանական է. անձը պետք է մոտիվացված լինի ապրելու և օրինաչափ վարքագիծ դրսևորելու. դա բխում է միջազգային իրավունքից, անձը պետք է իմանա, որ շանս ունի ինչ-որ ժամանակ ազատվելու պատժից. Հայաստանում 20 տարուց հետո ցմահ դատապարտված անձը կարող է հավակնել ներման»,- ասել է Զեյնալյանը։

Այս իրավիճակում, թերևս, տրամաբանական կլիներ, եթե նախարար Զեյնալյանն արդեն հրաժարականի դիմում ներկայացրած լիներ, քանի որ նրա շուրջ օղակը գնալով սեղմվելու է, և չի բացառվում, որ նախարարն ինքն էլ մտածում է այդ մասին։

Բայց մինչ Արտակ Զեյնալյանը երկմտում է, բաց է մնում հարցերի հարցը՝ ի՞նչ նպատակներ ուներ ծերուկ Ջորջ Սորոսը՝ Մհեր Ենոքյանի հետ կապված, ինչո՞ւ էր նա «նշանակվել» հերոս, ու ի՞նչ «առաքելություն» պիտի ունենար վերջինս ազատության մեջ արդեն։

Տեսանյութեր

Լրահոս