«Սպառնալիքներ ավելի շատ «շռայլում են» նրանք, ովքեր իրենք են գտնվում այդ սպառնալիքների տակ». Արփինե Հովհաննիսյան

Նախընտրական զարգացումների, քարոզարշավի բնույթի ու այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Արփինե Հովհաննիսյանի հետ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սասուն Միքայելյանի՝ Արցախի վերաբերյալ հնչեցրած սկանդալային հայտարարությունը սխալմունք է եղել, ինչը բոլորի դեպքում հնարավոր է: Ձեր կարծիքով՝ համոզի՞չ էին Նիկոլ Փաշինյանի հիմնավորումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ Ս. Միքայելյանն իրականում արտահայտել է քաղաքական այն նպատակները, որը հետապնդում է գործող իշխանությունը:

Թե որքանով էին Նիկոլ Փաշինյանի ասածները համոզիչ, կարելի է դատել՝ ուսումնասիրելով ավելի քան խոսուն հանրային արձագանքը։ Ընդ որում՝ նկատի չունեմ իշխանության կատաղի աջակից ֆեյքերին:

Նիկոլ Փաշինյանը նույն եթերում սպառնաց զինվորականներին, ՀՀԿին, որոնք Ս. Միքայելյանի հայտնի հայտարարության վերաբերյալ հանդես էին եկել հրապարակային քննադատությամբ՝ ասելով, հանգիստ նստեք ձեր տեղը, իսկ ՀՀԿին սպառնաց ուղարկել «պատմության աղբանոցը»: Նա ևս մեկ անգամ զգուշացրեց, որ քրեական գործեր են հարուցվելու բանակից «հաց գողացողների» դեմ: Ի՞նչ կասեք այս սպառնալիքների մասին:

– Սպառնալիքներ ավելի շատ «շռայլում են» նրանք, ովքեր իրենք են գտնվում այդ սպառնալիքների տակ։ Ինձ այս դեպքում մտահոգում են ոչ թե մեզ ուղղված սպառնալիքները, այլ այն, որ հենց երկրի վարչապետն է սպառնալիքի տակ, ինչը նշանակում է, որ երկիրն է սպառնալիքի տակ։

Նիկոլ Փաշինյանը Թալինում հայտարարել է, որ առաջիկայում ՀՀն պետք է բարձրացնեն քաղաքական ու տնտեսական բոլորովին նոր մակարդակների վրա։ Նրա խոսքով՝  բոլոր անհատ տաքսիստներին ազատելու են հարկերից, ինչն, ըստ նրա՝ նշանակում է, որ խրախուսում են աշխատանքը, և մարդիկ կարող են աշխատանքից դուրս ուղևոր տեղափոխել, այնինչ այսօր նման դեպքում, եթե բռնեն, շատ մեծ խնդիրներ կունենա։ Սա որքանո՞վ է անվտանգ ուղևորների տեսանկյունից, եթե ամեն ոք կարող է առանց համապատասխան իրավունքի ուղևոր տեղափոխել:

– Այն, ինչ որ բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը, շատ սովորական երևույթ է ողջ աշխարհում, ընդ որում՝ դրա համար պետության միջամտությունը չի պահանջվում։ Կան հեռախոսների համապատասխան հավելվածներ, և երբ հասարակության մեջ օբյեկտիվ անհրաժեշտությունն առաջանում է, մարդիկ սկսում են օգտագործել այդ հավելվածները, ինչպես օրինակ, առանց պետական միջամտության սկսել են օգտագործել ֆեյսբուքը։

Համացանցում բուռն քննարկումներ են ՀՀԿի գովազդային վահանակների շուրջ: Ինչո՞ւ չի նշվում ՀՀԿի անունը:

– Իսկ այդ մարդիկ, որ այդպես բուռն քննարկում են, ինչպե՞ս են կռահել, որ դա ՀՀԿ-ի պաստառն է։ Վրան ի՞նչ է գրված, այդ ո՞ւմ հետ են շփոթել։

Նիկոլ Փաշինյանը թեև հայտարարել էր, որ քարոզարշավի ընթացքում շարունակելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի լիազորություններն իրականացնել, սակայն օրեր անց նա հրաժարվեց իր այդ որոշումից և մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում: Ըստ ձեզ, ինչո՞ւ նա մտափոխվեց և ինչո՞ւ նման որոշում կայացրեց:

Կարծում եմ, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ մեր հայտարարությունն ազդեց, և վարչապետի պաշտոնակատարը հասկացավ, որ չի կարելի ի պաշտոնե քարոզչություն իրականացնել։ Բայց ավելի ցավալի է, որ դրանից հետո ավելի վտանգավոր վարքագիծ որդեգրվեց։ Մասնավորապես, գտնվելով պաշտոնական արձակուրդում և լինելով ընդամենն ընտրություններին մասնակցող ուժերից մեկի թեկնածուն, նա ցուցումներ է տալիս, որոնք կարող է տալ միայն վարչապետը՝ մոռանալով, որ ինքն ընդամենը թեկնածու է։ Սա արդեն հավակնում է վարչական ռեսուրսի չարաշահումից վերածվել պաշտոնական դիրքի չարաշահման:

 – ՀՀԿն քարոզարշավային ի՞նչ ռազմավարություն է որդեգրելու առաջիկա օրերին: Հանդիպումներ ընդհանրապես չեն լինելո՞ւ ընտրողների հետ:

Եթե խոսքը վերաբերում է այնպիսի զանգվածային միջոցառումների կազմակերպմանը, որոնք մենք իրականացրել ենք, երբ իշխանության ենք եղել, ապա այդպիսի միջոցառումներ, իհարկե, չեն լինելու որպես քարոզչական մարտավարություն, որովհետև դա բնութագրական չէ սադրանքների և աննախադեպ ճնշումների ենթարկվող ընդդիմադիր քաղաքական ուժերի համար։ Իսկ հանդիպումներ առհասարակ ընտրողների ու համակիրների հետ, իհարկե եղել են և շարունակվելու են։ Ռեյտինգային թեկնածուներն էլ հանդիպումներ ունենալու են, և դա շատ հեշտ հասանելի է նաև համացանցում։

Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, թե իշխանության եկած այս քաղաքական ուժն արել և անում է սխալներ, որոնք ձեր իշխանության տարիներին չեն կուտակվել: Ո՞ր սխալների մասին է խոսքը:

– Այդ սխալները բազմաթիվ են, սակայն առավել մտահոգողները վերաբերում են արտաքին քաղաքականությանը և բանակին։ Դրանց ֆոնի վրա տնտեսության ոլորտում սխալները ուղղակի խամրում են:

Ձեր կարծիքով՝ դեկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Բելառուսի և Ղազախստանի նախագահներից բացատրություն կպահանջի՞, ինչպես խոստացել է: Ըստ ձեզ՝ ինչ է սպասվում դեկտեմբերի 6-ին, արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կվերադարձվի Հայաստանին

Այս առումով ինձ հետաքրքրում է բացառապես այն, թե ունա՞կ լինելու է վարչապետի պաշտոնակատարը մի քայլից ավել հաշվել և Հայաստանին պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

 

Տեսանյութեր

Լրահոս