«ՀՀԿ-ի համար կանխատեսում եմ երկրորդ տեղը, «Սասնա ծռերի»՝ երրորդ». Հրանտ Տեր-Աբրահամեան. 1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցակել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամեանի հետ

– Նոյեմբերի 26- ին մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ զարգացումներ են հնարավոր քարոզարշավի ընթացքում։

-Առաջիկա ընտրությունները, որոնք անվանապես խորհրդարանական են, իրենց էությամբ իրականում վարչապետական են, վարչապետի ընտրություն են, իսկ ավելի պարզ ասած՝ Նիկոլի ընտրություններն են: Ըստ էության, Հայաստանի ժողովրդական մեծամասնությունը պետք է վերահաստատի կամ հակառակը՝ հերքի Նիկոլ Փաշինյանին՝ որպես պետության փաստացի առաջին դեմք տեսնելու իր կամքը: Հերքելու հնարավորությունը, իհարկե, այս պահին զուտ տեսական ենք հիշատակում, քանի որ, կարծես, չկա այս պահին որևէ մեկը, որ կասկածի, թե Փաշինյանի գլխավորած «Իմ Քայլը» դաշինքը հաղթելու է ընտրություններին:

Ընտրությունների պաշտոնական, անվանական իմաստը, ըստ այդմ, մի քիչ հետին պլան է մղվում, քանի օր օբյեկտիվորեն այդպես է թելադրում քաղաքական իրավիճակի առանձնահատկությունը:

Դրա համար այս ընտրությունների արդյունքները պետք չէ ընկալել որպես նոր քաղաքական դաշտի, նոր քաղաքական դասավորության, նոր քաղաքական խաղի հաստատուն քարտեզ: Ընտրությունների արդյունքներն արտացոլելու են մի անցումային վիճակ, որտեղ նոր քաղաքական խաղը դեռ վերջնական կայացած չէ, իսկ հինը դեռ վերջնականապես անցած չէ: Այսինքն՝ ունենալու ենք նորի սաղմերի, և հնի բեկորների ինչ-որ սինթեզ:

Ինչ-որ առումով կարելի է ասել, որ քաղաքական գործընթացը ոչ թե ավարտվելու է, այլ դեռ հետևելու է ընտրություններին, և այս առումով ԱԺ-ից դուրս մնացած ուժերը, խմբերը, անհատները կարող են սովորականից ավելի դեր ունենալ նոր ձևավորվելիք քաղաքական խաղում, եթե իրապես կենսունակ լինեն գաղափարապես, կազմակերպչական առումով և այլն: Կարելի է կանխատեսել բավականին ակտիվ քաղաքական կյանք, այդ թվում՝ նոր քաղաքական և հանրային խմբերի, ուժերի, շարժումների ձևավորմամբ: Շատերը նույնիսկ չեն բացառում նոր խորհրդարանական ընտրություններ մոտակա երկու տարվա մեջ: Իհարկե, այդպես ասողների մեջ մեծամասնություն են նրանք, ովքեր պարզապես իրենց ցանկալին են իրականի տեղ դնում: Բայց տվյալ դեպքում կարող է իրոք նոր ընտրությունների բնական պահանջարկ առաջանա ժամկետից շուտ, քանի որ նոր քաղաքական իրավիճակը դեռ ձևավորման փուլում է: Համենայնդեպս, ճիշտ կանեն քաղաքական և հանրային հավակնություններ ունեցող այն անձինք և խմբերը, որոնք կազմակերպված բնույթ կփորձեն տալ իրենց հավակնություններին ոչ թե հաջորդ ընտրությունների, այլ մոտակա ձևավորվելիք նոր քաղաքական խաղի հաշվարկով: Եթե, իհարկե, համարենք, որ Հայաստանում ընդհանրապես իրապես նոր մոտեցումներով ուժերի ներուժ կա, ինչի առումով, ես մի քիչ թերահավատ եմ:

– Ի՞նչ արդյունքներ կունենան այս ընտրությունները։

-Լուրջ կանխատեսում անելու համար պետք են լուրջ գործիքներ՝ լավ արված և շատ թանկ սոցիոլոգիական ուսումնասիրություններ, վերլուծություններ և այլն: Ես դրանք չունեմ: Դրա համար իմ կանխատեսումը կարող է լինել զուտ խաղային, խաղադրույքային: Սրանք հիմնված են բացարձակապես իմ զգացողությունների և փորձի վրա: Մյուս կողմից էլ, պետք չէ վախենալ նման թեթև կանխատեսումների սխալ դուրս գալուց: Նման հարցերում սխալվելու համար գնդակահարություն չի հասնում:

Իմ խաղադրույք-կանխատեսմամբ՝ «Իմ Քայլը» կհավաքի մոտավորապես 60 տոկոսի սահմաններում: Երևանի 80 տոկոսն այս անգամ չի կրկնվի՝ տարբեր պատճառներով: Ըստ հանգամանքների՝ այս տոկոսը կարող է իջնել կամ բարձրանալ՝ ընդհուպ 10 միավորի սահմաններում: Շատ բան կախված կլինի, մի կողմից, ԻՔ-ի ատոմային ռումբից՝ Նիկոլից, մյուս կողմից՝ նրանից, թե ցուցակի մյուս անդամները որքան ակտիվ կպահեն իրենց, որքան ավելի անհատական կմոտենան խնդրին, որքան քիչ հույսը կդնեն Նիկոլի ամենազորության, իսկ որքան՝ իրենք իրենց վրա: Այսինքն՝ արևելյան անգյալություն կանեն, թե՞ իրապես կաշխատեն ամեն մեկն իր չափի մեջ: Քաղաքական գործիչը աշխարհի քիչ պահպանված, եթե ոչ միակ ազատ զբաղմունքներից է: Այն ոչ մասնագիտություն է՝ դրա դիպլոմը չեն տալիս ոչ մի տեղ, ոչ էլ պաշտոնական դիրք՝ ամեն դեպուտատ ինքնաբերաբար գործիչ չի դառնում, այլ պայքարով վաստակած դիրք: Թեկնածուների խնդիրը պետք է լինի ապացուցել, որ իրենցից ամեն մեկը գործիչ է՝ անկախ Նիկոլից:

Ես ՀՀԿ-ի համար ռիսկ կանեի երկրորդ տեղ կանխատեսել: Մի կողմ թողած ռեյտինգայինի խնդիրը, պետք է հաշվի առնենք «աբիժնիկների» պահը: Ես, ցավոք, չունեմ որևէ նյութ, որով հնարավոր լիներ հաշվարկել քանակն այն մարդկանց, որոնք անձնապես տուժած են իրենց զգում նոր կառավարության գործունեությունից, բայց ենթադրում եմ, որ դրանք ոչ շատ-շատ են, ոչ էլ շատ քիչ: Կառավարման համակարգի տարբեր օղակներում դրանք կարող են բավականին տոկոս կազմել: Սրանց կգումարվի «ինադների» որոշակի քանակ, որոնք կքվեարկեն Նիկոլին առավել դեմ եղած ուժին և այլն: Պետք է նաև հաշվի առնենք, որ ՀՀԿ-ի ընտրողն այս ընտրություններին լինելու է «սուս ընտրող»: Նա չի բարձրաձայնելու իր որոշման մասին, խուսափելու է սովորական սոցհարցումների «ցանցից», թաքնվելով չկողմնորոշվածների, բոլորին դեմի պիտակների տակ և կարող է որոշ չափի սյուրպրիզ մատուցել:

Երրորդ տեղը, թերևս, կտայի «Սասնա ծռեր»-ին: Սրանք միակ ուժն են, որոնք ոչ Նիկոլի ստվերում են՝ հստակ տարբերվում են նրանից այլևայլ չափանիշներով, մյուս կողմից՝ չեն կարող կասկածվել որպես ՀՀԿ-ի հետ կապ ունեցող:

Ես այնքան էլ վստահ չէի լինի ԲՀԿ-ի առումով, որքան վստահ են շատերը: Դեռ պետք է տեսնենք, թե իրենց ցանցը որքան կաշխատի նոր պայմաներում:

Շատ թերահավատ եմ «Լուսավոր Հայաստան»-ի և «Մենք»-ի շանսերի առումով: Պարզ չէ, թե նրանց ընտրողը ինչով է տարբերվում, պարզ չէ նաև, թե ինչու Նիկոլին ձայն չտվող, այսպես ասած, առաջադեմ զանգվածի հատվածը պետք է ձայնը տա հենց այդ երկուսին: Նմանները, կարծում եմ, շատ քիչ տոկոս կկազմեն, և այդ քիչ տոկոսից էլ դեռ մի որոշ չափ կարող է բաշխվել «Քաղաքացու որոշմանը»: Ես, ի դեպ, նույնիսկ համարձակվեմ ենթադրել, որ ՔՈ-ն «Մենք»-ից ու «Լուսավոր Հայաստան»-ից շատ ձայն կարող է ստանալ, որոնք, թերևս, չհերիքեն ԱԺ անցնելուն, բայց նորաստեղծ ուժի համար բավականին հուսադրող հիմք ստեղծեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս