8 վախեցնող ախտանշան, որ թոքերին օգնություն է հարկավոր

Թոքերի հիվանդությունները հեշտ է բուժել զարգացման սկզբնական փուլում, սակայն անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու դեպքում դրանք կարող են լուրջ խնդրի վերածվել: Goodhouse.ru-ն ներկայացրել է ախտանշաններ, որոնց դեպքում հարկավոր է դիմել բժշկական օգնության:

Այտուցներ, ցավ ոտքերում: Ոտքերի հատվածում ցավը, այտուցների առաջացումը, թուլությունը, թմրածությունը կարող են խորանիստ երակների թրոմբի հետևանք լինել, իսկ ոչ բարենպաստ ելքի դեպքում արյան մակարդուկը կարող է հասնել թոքեր՝ առաջացնելով էմբոլիա: Եթե նկատում եք այս ախտանշանները, և դրանք ուղեկցվում են շնչահեղձությամբ, կրծքավանդակի հատվածում ցավերով, շնչառության դժվարացմամբ, դիմեք մասնագետի օգնությանը:

Շնչառության դժվարացում: Սթրեսը, գրիպը, վերին շնչուղիների վարակիչ հիվանդությունները կարող են ուղեկցվել շնչառության դժվարացմամբ: Սակայն, եթե խնդիրները պահպանվում են երկար ժամանակ, ուղեկցվում ջերմության բարձրացմամբ կամ իջեցումով, հարկավոր է դիմել մասնագետի. հնարավոր է՝ պնևմոնիա է զարգացել:

Նախընտրում եք վերելակից օգտվել: Եթե աստիճաններով բարձրանալու դեպքում շնչառական լուրջ խնդիրներ եք ունենում, հարկավոր է դիմել մասնագետի: Առանց պատճառի շնչահեղձությունը թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության ամենատարածված ախտանշաններից է:

Կարդացեք նաև

Չեք կարողանում խորը շնչել: Ասթման կարող է զարգանալ ցանկացած տարիքում, և պատճառների շարքում է նաև քրոնիկական սինուսիտը, այլ վիրուսային հիվանդություններ: Հիվանդությունը կարող է լուրջ սպառնալիք դառնալ մարդու կյանքի համար: Եթե խզզոցներ եք զգում, դժվարանում եք խորը շնչել, դիմեք մասնագետի:

Ձայնը փոխվում է: Սա ևս լուրջ ախտանշան է, որը չի կարելի անուշադրության մատնել: Ձայնի փոփոխման պատճառ կարող է դառնալ նաև մրսածությունը, սակայն, եթե խռպոտությունը պահպանվում է երկար ժամանակ, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը: Այս ախտանշանը ևս կարող է վկայել թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության մասին:

Ցավ ուսերում: Թոքերում զարգացող ուռուցքների որոշ տեսակներ կարող են ազդել նյարդերի վրա: Եթե մկանները վնասված չեն, առկա չեն  ողնաշարի հետ կապված խնդիրներ, դիմեք մասնագետի օգնությանը:

Եղունգների գույնը փոխվել է: Եղունգների գույնի մգացումը, կապույտ երանգը զգուշացնող ազդանշաններ են: Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը հաճախ հանգեցնում է նրան, որ հյուսվածքները բավարար քանակով արյուն չեն ստանում, ինչի արդյունքում շուրթերն ու եղունգները կարող են կապույտ երանգ ստանալ:

Քաշի կորուստ: Առանց ակնհայտ պատճառի քաշի կորուստը բժշկի դիմելու լուրջ առիթ է: Սա քաղցկեղի որոշ տեսակների ամենատարածված ախտանշաններից է, կարող է նաև վկայել թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս