«Դուք երբևէ լսե՞լ եք, որ ադրբեջանցի որևէ պաշտոնյա կամ ընդդիմադիր գործիչ ասած լինի, որ Արցախը պետք է մնա Հայաստանի կազմում». Արաբոյի Մանվել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հարցազրույցը, որտեղ դեսպանը խոսել էր Արցախի հիմնախնդրից՝ նշելով, թե հակամարտության կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» հնարավոր չէ պատկերացնել, տարբեր պաշտոնյաների կողմից տարբեր մեկնաբանությունների արժանացավ։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռիչարդ Միլսի հայտարարությունը որակեց՝ որպես հեռացող դեսպանի արձագանք, իսկ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ որևէ նոր բան չունի ասելու և Արտգործնախարարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հստակ է։

168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական  ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը՝ նշեց, որ ՀՀ նախկին և ներկա նախագահները, նախկին և ներկա որոշ պաշտոնյաներ միշտ հայտնել են այն կարծիքը, որ, եթե ազատագրված տարածքները չվերադարձնեն Ադրբեջանին, ապա Արցախի հարցը լուծում չի ստանա:

«Բնականաբար, այս ամենը ոգևորում է օտարազգի քաղաքական գործիչներին, այդ թվում՝ Ադրբեջանի վերնախավին, որ Հայաստանում ազատագրված տարածքներ հանձնելու տրամադրություններ կան։ Այսօր մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են այդ ազատագրված տարածքները զիջել, և նրանց ասածն էլ հիմք ընդունելով՝ ԱՄՆ դեսպանը կարող է նման հայտարարություն անել։

Դուք երբևէ լսե՞լ եք, որ ադրբեջանցի որևէ պաշտոնյա կամ ընդդիմադիր գործիչ երբևէ ասած լինի, որ Արցախը պետք է մնա Հայաստանիր կազմում, և միայն այդ դեպքում խնդիրը կլուծվի: Իհա՛րկե չեք լսել, նրանք միմյանց ատամներով են պաշտպանում»,- նշեց Մ. Եղիազարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ բոլորը պետք լավ իմանան, որ իրենք պայքարել են ոչ թե հող հանձնելու, այլ՝ հողերն ազատագրելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե իշխանության և աթոռի համար ով կպայքարի և ինչ կանի։

«Ի վերջո, ե՞րբ ենք աշխարհին ներկայացնելու այն թեզը, որ Արցախը հայկականության պատկերն է, մեր վաղվա ապագան, ճակատագիրն ու պատիվը։ Եթե ապիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները հանում են 100 տարեկան հայ կնոջ աչքերը, ականջն են կտրում, մի՞թե նման մարդկանց հետ կարելի է խաղաղ ապրել, մտածել խաղաղության մասին, կամ որևէ բան զիջել։ Մնում եմ իմ նույն կարծիքին՝ մինչև Արցախի կարգավիճակի հարցը չլուծվի, չունենա կարգավիճակ՝  զիջումների մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծեց Մանվել Եղիազարյանը։

Անդրադառնալով Միլսի հայտարարության հետ կապված Ռուսաստանի արտգործնախարարության արագ արձագանքին՝ Մ. Եղիազարյանն ասաց, որ Արցախի հարցի լուծման համար տարիներ շարունակ գերտերությունները մտել են մրցակցության մեջ և թույլ չեն տվել, որ հակառակորդ տերության թելադրանքով լուծվի հարցը, այդ պատճառով էլ առաջինն արձագանքեց Ռուսաստանը։

«Ռուսաստանը դրանով հասկացրեց, որ առանց իրեն՝ հարցը չի կարող լուծվել և ոչինչ չի կարող փոխվել Արցախում և որևէ զիջում չի կարող լինել առանց Ռուսաստանի միջամտության»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Զվարթ Խաչատրյան 

Տեսանյութեր

Լրահոս