Վրաստանում գալա-համերգի համար ԿԳՄՍՆ-ն շուրջ 56.000 դոլար դրամաշնորհ է հատկացրել Ֆիլհարմոնիկին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հերթական խոշոր դրամաշնորհային հատկացումն է արել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Էլեկտրոնային գնումների համակարգից տեղեկանում ենք, որ Վրաստանում կայացած համերգի համար պետական բյուջեից տրամադրվել է 20 միլիոն 208 հազար դրամ՝ 55,791 ԱՄՆ դոլար։
Խոսքը հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնում կայացած գալա-համերգի մասին է, որով ազդարարվել է «Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում» ծրագրի բացումը։ Ըստ պաշտոնական պայմանագրի ձևակերպման՝ այս ծախսը «միտված է հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը և միջազգային հարթակում հայկական արվեստի հանրահռչակմանը»։

Սա միակ պետական աջակցությունը չէ, որը հոսում է դեպի նույն ստեղծագործական կոլեկտիվը․ էլեկտրոնային գնումների համակարգի տվյալների համաձայն՝ տարեսկզբից սա արդեն 6-րդ դրամաշնորհն է, որ ԿԳՄՍ նախարարությունը հատկացնում է հենց Ֆիլհարմոնիկ նվագախմբին։
Նույն ժամանակահատվածում նվագախումբը միլիոնավոր դրամների ևս 4 պայմանագիր է կնքել պետական այլ ռեսուրսների՝ Հանրային հեռուստաընկերության և Երևանի քաղաքապետարանի հետ։

