Սփյուռքը չե՛ք լռեցնի. մենք չենք լսում՝ ինչ են ասում Փաշինյանը, Բաքուն կամ Թուրքիան, մենք մեր գործն ենք անում. Եղիսաբեթ Չուլջյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Երբ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանին կոչ արեց փոխել Սահմանադրությունը, Հայաստանում իշխանություններն անմիջապես նախաձեռնեցին Սահմանադրության փոփոխություն: Հենց Թուրքիայից հրահանգեցին մոռանալ Հայոց ցեղասպանության մասին, այստեղ անմիջապես դադարեցրեցին ճանաչման գործընթացը: Ադրբեջանից ասում են՝ մոռացե՛ք Արցախը, այստեղ անմիջապես քայլեր են ձեռնարկում Արցախը մոռացության մատնելու ուղղությամբ… Հիմա էլ Ադրբեջանից և Թուրքիայից Սփյուռքն են հայտարարել թշնամի, ու այստեղ սլաքներն ուղղվեցին Սփյուռքի դեմ:
- Հայ Դատը ներկայացուցչություն ունի 30-ից ավելի երկրներում, ունենք 100-ից ավելի ներկայացուցչություններ, 15 գրասենյակներ, բազմաթիվ հայանպաստ ծրագրեր ենք իրականացրել, և պատահական չէ, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայ դատը, և նրանց էլ երկրորդել է Հայաստանի իշխանությունը: Բայց դա մեզ չի կաշկանդում հետամուտ լինել մեր նպատակներին՝ գերիների վերադարձին, Արցախ հավաքական վերադարձին, Ադրբեջանի ռազմականացման ֆինանսավորման կրճատմանը, 907-րդ բանաձևի կիրարկմանը:
- Եկեղեցու, Հայ դատի և Դաշնակցության դեմ հարձակումներն Ադրբեջանի ճնշումների հետևանք են: Երբ տեսնում ենք Արցախի հայկական եկեղեցիների պղծումը, պատմության կեղծումը, հասկանում ենք, որ այն ուժերը, որոնք դեմ են կանգնում հայկական պետականության ու հայ եկեղեցու տկարացմանը, գտնվում են թուրք-ադրբեջանական թիրախում:
- Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես ողջ աշխարհում դաշնակիցներ են փնտրում հայկական լոբբիի, հայ գաղութների դեմ պայքարելու համար, բայց վստահաբար չեն հաջողում: Այս հարձակումները միայն ամրապնդում են Հայկական Սփյուռքը, մենք ավելի միասնական ենք դառնում: Մենք այսօր էլ՝ Հայ դատի հանձնախումբն ու այլ հայորդիներ, աշխատում ենք ամերիկյան կոնգրեսականների հետ, որպեսզի կոչ անեն Ամերիկայի կառավարությանը՝ գործի դնել 907-րդ բանաձևն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձրել Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին, քանի դեռ Արցախ հավաքական վերադարձի իրավունքն իրացված չէ, և քանի դեռ ադրբեջանցիներն օկուպացված են պահում Հայաստանի տարածքները…

- Նիկոլ Փաշինյանի՝ Սփյուռքի դեմ հարձակումների նպատակը Սփյուռքը Հայաստանից հեռացնելն է, բայց մենք, ընդհակառակը, հարյուրապատիկ ավելի պետք է աշխատենք՝ ի պաշտպանություն հայկական շահերի: Մենք հասկանում ենք՝ երբ հայկական շահը վտանգի տակ է, Սփյուռքը, Հայ դատը պատրաստ է 100 %-ով ինքնուրույն, ինքնավստահ այն ներկայացնել աշխարհում: Մեր պատասխանը գո՛րծը պետք է լինի՝ ի նպաստ Հայաստանի պետականության, Արցախի, Հայոց ցեղասպանության ճանաչման և մեր լինելիության: Սփյուռքի ժողովուրդն է որոշում՝ ինչ պետք է անի ինքը: Ի վերջո, Սփյուռքի պարտականությունն է՝ նպաստել Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ու հայկական շահի առաջմղմանն աշխարհում: Իհարկե, կուզեինք դա անել պետության հետ միասին, բայց եթե դեմ են, մենք դա ինքնուրույն էլ կարող ենք անել: Այս հարցերը միշտ պետք է լինեն հայկական օրակարգում:
- ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին մշտապես հիշեցնում են, որ Ադրբեջանում հայ գերիներ կան, և ԱՄՆ-Ադրբեջան բանակցություններում սա պետք է առանցքային հարց լինի: Մեզ հավաստիացնում են, որ փակ դռների հետևում աշխատանքներ են տարվում պատանդների վերադարձի համար, բայց ժամանակն է, որ այդ բանակցություններն արդեն ոչ թե փակ դռների հետևում տարվեն, այլ բաց, որովհետև 1000 օրից ավելի է, որ մեր պատանդները չեն վերադառնում Բաքվի բանտերից, և, փաստորեն, փակ դռների հետևում բանակցություններն արդյունք չեն տալիս: Մագնիտսկու օրենքի համաձայն՝ պատանդներ պահող պետությունը պատժամիջոցների տակ պետք է լինի, բայց, դժբախտաբար, դա տեղի չի ունենում:
- Մենք բոլորս ենք ուզում երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում, սակայն այդ խաղաղությունն արդարության վրա պետք է հիմնվի, բայց քանի դեռ մենք ունենք «գործընկեր», որը պատանդներ է պահում իր բանտերում, Երևանն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում, Հայաստանի տարածքներն օկուպացված է պահում, նա իրական խաղաղության գործընկեր չէ:
- Մենք դեռ չգիտենք, թե իրականության մեջ ԹՐԻՓՓ-ն ինչ է: Չգիտենք՝ այդ ճանապարհը որտեղի՞ց է սկսվում և որտե՞ղ ավարտվում: Մենք պետք է ամեն մանրուք հետազոտենք, որ հասկանանք՝ ԹՐԻՓՓ-ի գործարկումը Հայաստանի անվտանգության վրա ինչ ազդեցություն կարող է գործել: Որո՞նք են ԹՐԻՓՓ-ում ընդգրկված ընկերությունները, ովքե՞ր են դրանց ղեկավարները, ի՞նչ անձնական հարցեր ունեն, ու դրանք ինչպե՞ս կարող են ազդել տարածաշրջանի անվտանգության վրա: Ի վերջո, Թրամփի հեռանալուց հետո այս ծրագիրը հետաքրքրություն կներկայացնի՞, և եթե այո, ապա ո՞ւմ համար: Այո՛, կոմունիկացիաների բացումը կարևոր է, բայց ի՞նչ եղանակով… Սա է խնդիրը:
- Վստահաբար Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններն ուզում են, որ ԹՐԻՓՓ-ը Միջանցք լինի, և Հայ դատի հանձնախումբն ամեն ջանք գործի է դնում, որ լինի վերահսկողություն և հստակեցում ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցերում: Թուրքիան 100 տարուց ավելի ուզել է Մեծ Թուրան կառուցել, և սա համահայկական համընդհանուր խնդիր է: Հայաստանի անվտանգության հետ կապված մտահոգությունները յուրաքանչյուր հայ մարդու մտահոգություններն են: Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության գործընկերներ չեն, նրանք ուզում են մասնատել Հայաստանը: Հստակ երաշխիքներ պետք է լինեն, որ Հայաստանով անցնող որևէ ճանապարհ լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո:

- ԱՄՆ հայ գաղութը 2 միլիոնից ավելի մարդ է ներառում, ընտրական ծանր ուժ է նոյեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ, և Հայ դատի հանձնախումբը քաղաքական աշխատանքները մի քանի ուղղություններով է տանում ու մեծ դեր պետք է խաղա: Մեր թիրախում է Տեխասից կոնգրեսական Հենրի Կուելարը, ով Ադրբեջանից 600 000 դոլար կաշառք է ստացել Արցախի դեմ աշխատելու համար: Աշխատում ենք, որ նա ընտրություններում պարտվի: Աշխատում ենք Սենատի Նյու Հեմփշիր նահանգի 2026 թվականի ընտրություններում, ունենք մեր թեկնածուն, որին աջակցում ենք Հանրապետական թեկնածուի դեմ, որովհետև
Նյու Հեմփշիր նահանգից Սենատի ընտրություններում առաջադրված հանրապետական թեկնածու Ջոն Սունունուին (John E. Sununu) և նրա
ընտանիքն Ադրբեջանից գումար է ստանում՝ Արցախում հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալելով: Ամերիկայում ապրող և քվեարկող հայերը հստակ պահանջներ ու ակնկալիքներ ունեն Ամերիկայի կառավարությունից, և այդ հարցերը մշտապես պետք է բարձրացվեն՝ անկախ նրանից՝ Հայաստանի կառավարությունը դրանց վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի:
Հիշեցնենք. ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հենրի Կուելարին (Henry Cuellar) և նրա կնոջը՝ Ադրբեջանից և մեքսիկական բանկից շուրջ 600,000 դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2014-2021 թվականների ընթացքում կաշառքի գումարները լվացվել են կեղծ խորհրդատվական պայմանագրերի և միջնորդների միջոցով՝ փոխանցվելով կոնգրեսականի կնոջը պատկանող կեղծ ընկերություններին։ Գումարի մի մասը վճարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)։
Ստացած գումարների դիմաց Հենրի Կուելարը, որը նաև հանդիսանում էր Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով հանձնախմբի համանախագահը, ԱՄՆ օրենսդիր մարմնում առաջ է մղել Ադրբեջանի շահերը։ Մասնավորապես, նա աշխատել է տապալել կամ չեզոքացնել այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք առաջ էին քաշվում հայամետ կոնգրեսականների կողմից և ուղղված էին Արցախին ու Հայաստանին աջակցելուն։ Կուելարը հերքել է մեղադրանքները։ Չնայած դատական գործընթացներին, նա շարունակել է իր քաղաքական գործունեությունը։ Ավելի ուշ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց նրան լիակատար ներում շնորհելու մասին՝ պնդելով, որ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի։
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգից Սենատի ընտրություններում առաջադրված հանրապետական թեկնածու Ջոն Սունունուն (John E. Sununu) և նրա ընտանիքը խոշոր բաժնետեր է Anglo Asian Mining (AAM) բրիտանական հանքարդյունաբերական ընկերությունում, որը երկար տարիներ ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ է զբաղվում Ադրբեջանում։ Թեկնածուի հայրը՝ Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ Ջոն Հ. Սունունուն, ընկերության երկրորդ խոշոր բաժնետերն է (մոտ 9.4% բաժնեմասով)։ Թեկնածուի եղբայրը՝ Մայքլ Սունունուն, հանդիսանում է ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Իսկ հենց ինքը՝ Սենատի թեկնածու Ջոն Սունունուն, իր ֆինանսական հայտարարագրում նշել է, որ ունի մինչև 5 միլիոն դոլարի անձնական բաժնեմաս այս ընկերությունում։
Ադրբեջանի կառավարության հետ կնքված պայմանագրերով Anglo Asian Mining-ը դեռևս 1997 թվականից իրավունքներ էր ստացել մի շարք հանքավայրերի նկատմամբ, որոնք գտնվում էին Արցախում (այդ թվում՝ Կովսականի/Զանգելանի «Վեժնալի» և Մարտակերտի «Կաշեն» հանքավայրերը)։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և հատկապես 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո ընկերությունը հրապարակայնորեն տոնել էր այդ տարածքներում հանքերի շահագործման հասանելիություն ստանալու փաստը։
Այս փաստը մեծ աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ում ընթացող նախընտրական պայքարում. դեմոկրատ մրցակիցները և ամերիկահայ կազմակերպությունները (հատկապես՝ ANCA-ն) մեղադրում են Սունունուին Արցախի էթնիկ զտումներից և հայկական հողերի կորստից ուղղակիորեն ֆինանսական շահույթներ ստանալու («արյունոտ փողեր») մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում:

