«Քարվաճառյան սկզբունքներից» մինչև Խաղաղության պայմանագիր, կամ՝ «Քարվաճառյան սկզբունքներ vs Մադրիդյան սկզբունքներ». Արմեն Գրիգորյանի գաղափարական ռևոլյուցիան

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, թե Խաղաղության պայմանագիրն ամբողջապես համապատասխանելու է ՀՀ շահերին:

«Մեր ընկալմամբ՝ Հայաստանի շահ հանդիսանում է այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը պաշտպանվի խաղաղության պայմանագրով, այս պահին Հայաստանը բանակցում է այդ հարցերի վերաբերյալ, և մենք, համոզված եմ, որ առաջընթաց ենք ունենալու այս ուղղությամբ»,- շարունակել էր նա:

Ավելորդ է հիշեցնել բոլոր այն վտանգների և կորուստների մասին, որոնք լինելու են Նիկոլ Փաշինյանի և Արմեն Գրիգորյանի երազած խաղաղության գինը՝ Տավուշի գյուղերի հանձնում, զորքի հետքաշում և այլն:

Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը հանրությանը համոզում են, որ ամեն ինչ անում են հանուն ՀՀ 29.800 քկմ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, այն դեպքում, երբ այն վաղուց խախտվել է, երբ օրերս Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հասկացրել էր, որ այդ խախտումը չի վերականգնվելու, որ իրենք դուրս չեն գալու 2021-2022 թվականներին օկուպացրած ՀՀ ինքնիշխան տարածքներից:

Կարդացեք նաև

Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ Խաղաղության պայմանագիրը ՀՀ շահերից բխող համարող Արմեն Գրիգորյանը, ժամանակին ՀՀ-ի և Արցախի շահերի դեմ էր համարում Մադրիդյան սկզբունքները, որի դեպքում, ըստ էության, ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ այսքան վտանգ չէր լինելու, Արցախի դեպքում էլ այս օրվա վիճակից ավելի լավ վիճակ էինք ունենալու:

Բայց նույնիսկ այս դեպքում 2021 թվականին Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կազանի նշանավոր գագաթնաժողովից (որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին մեկ քայլ էր բաժանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցումից) 10 տարի անց Sputnik Արմենիային էր փոխանցել  հեղինակային հոդվածը 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ, որտեղ, մասնավորապես նշել էր.

«Բանակցությունների ընթացքում ծավալուն աշխատանք է տարվել հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման ուղղությամբ, որի նախագիծը համանախագահները կողմերին են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում: Այս քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք Կազանի գագաթնաժողովին եկանք հիմնովին համաձայնեցված նախագծով, որը պարունակում էր մի շարք էական փոփոխություններ՝ համեմատած 2007-ի Մադրիդյան նախնական փաստաթղթի հետ:

Մեջբերեմ այդ աշխատանքի ցուցիչ արդյունքներից մեկը. 2007թ. Մադրիդյան փաստաթղթում առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով։ Միևնույն ժամանակ, հղում էր կատարվում Արևմտյան Սահարայի հարցով միջազգային դատարանի 1975թ. խորհրդատվական եզրակացությանը, ինչը Բաքվում գնահատում էին որպես «նեվերենդում» անվանելու առիթ՝ նկատի ունենալով, որ այն երբեք չի կայանա, ինչպես և Արևմտյան Սահարայում: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը պնդում էր, որ ցանկացած դեպքում պլեբիսցիտը չի կարող պարտադիր ուժ ունենալ: Իսկ 2011թ. Կազանյան փաստաթղթում ոչ միայն անդրադարձ չկար Արևմտյան Սահարայի օրինակին, այլև շեշտվում էր, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող համաժողովրդական ​​քվեարկության միջոցով, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը և կունենա իրավական պարտադիր բնույթ»: Այս ձևակերպումը գործնականում կանխորոշում էր, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, և դա բոլորը հասկանում էին:

Հակամարտություններով զբաղվող փորձագետները գիտեն, որ սեցեսիոն բնույթի հակամարտությունների ճնշող մեծամասնությունն ավարտվում է նորանկախ պետության լեգիտիմացմամբ ոչ թե այն պատճառով, որ նախկին մետրոպոլիան տալիս է իր համաձայնությունը, այլ ավելի շուտ այն պատճառով, որ միջազգային հանրության մակարդակով այդ հարցում կոնսենսուս է ձեռք բերվում: Եվ այդպիսի անջատման ամենաժողովրդավարական ճանապարհը հանրաքվեի անցկացումն է՝ կամքի ազատ արտահայտմամբ, որի հնարավորությանը մենք հասանք 2011 թվականին:

Հայաստանը բազմիցս շեշտել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել համապարփակ և երկարաժամկետ կարգավորման: Եվ դա արտացոլվեց Կազանյան փաստաթղթի նախաբանում, որտեղ նշվում էր խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագծի նախապատրաստման գործում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության մասին: Մադրիդյան տարբերակում այս դրույթը բացակայում էր: Ավելին, եթե 2007-ի նոյեմբերի տեքստում առաջարկվում էր խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները սկսել երկու երկրների նախագահների կողմից հիմնական սկզբունքները հաստատվելուց անմիջապես հետո, ապա Կազանյան տարբերակում շեշտվում էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վրա աշխատանքները կսկսվեն բոլոր կողմերի կողմից Հիմնարար սկզբունքների հաստատումից հետո, այսինքն՝ դա ենթադրում էր հաստատում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կողմից: Համանախագահները հավատարիմ էին այս մոտեցմանը մինչ 2018-ի ապրիլը»:

Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի Խաղաղության օրակարգի ջատագով և ժամանակին Մադրիդյան սկզբունքներին դեմ արտահայտվող Արմեն Գրիգորյանին և այն գաղափարական ռևոլյուցիային, որն ունեցել է նա Արցախի հարցի կարգավորման համատեքստում:

2012 թվականին սեպտեմբերի 27-ին այսօր՝ ՀՀ ԱԽ քարտուղար, այն ժամանակ՝ «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ, քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոս Արմեն Գրիգորյանը «Մեդիամաքսում» հոդված էր հրապարակել՝ «Քարվաճառյան սկզբունքներ vs. Մադրիդյան սկզբունքներ» վերտառությամբ, որտեղ անդրադարձ էր կատարել  Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի օրը մի խումբ քաղաքացիների հրապարակած Քարվաճառյան Հռչակագրին:

«Կետերից մեկում հստակ խոսվում է հայրենատիրության սկզբունքների՝ հայրենի ողջ տարածքի նկատմամբ անժամանակյա, անօտարելի և բացարձակ իրավունքի մասին: Ավելի կոնկրետ՝ Հռչակագրում նշված է. «Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ՝ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են»:

Արցախյան պատերազմից հետո Հայաստանում վերջապես ձևավորվել է հասարակության մի խավ, որի համար անընդունելի է Արցախի ներկայիս տարածքի որևիցե զիջում: Վերջապես, մարդկանց ավելի հստակ խումբ է ձևավորվում, ովքեր պայքարելու են, որպեսզի տարածքների պահպանման խնդիրը հանրային քննարկումներից տեղափոխվի քաղաքական օրակարգ:

Այս առումով, այսպես կոչված, Քարվաճառյան սկզբունքներն ամբողջովին հակասում են Մադրիդյան սկզբունքներին, քանի որ Մադրիդյան սկզբունքների հենց առաջին կետը ենթադրում է Արցախի ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Այդ իսկ պատճառով Մադրիդյան սկզբունքները անընդունելի են դառնում, քանի որ դրանք ոչ միայն մարտահրավեր են նետում Հայաստանի անվտանգության համակարգին, այլ նաև հակասում են Քարվաճառյան սկզբունքներին: Այդ ամենը լավ հասկանալով` Հռչակագիրն ընդունողների հիմնական խնդիրը պետք է լինի չեզոքացնել Մադրիդյան սկզբունքները և բանակցային սեղանի օրակարգ բերել Արցախի տարածքային ամբողջականության պահպանման հարցը: Եվ այդ ամենը պետք է կատարվի անվտանգության պահպանման սկզբունքներից ելնելով, որը թույլ է տալիս միջազգային իրավունքը:

Քանի որ ներկայիս քաղաքական վերնախավը բանակցային գործընթացը վարում է «Աղդամը մեր հայրենիքը չէ» տրամաբանության շրջանակներում, որի արդյունքում էլ ծնվել են Մադրիդյան սկզբունքները, ապա նաև խնդիր կլինի քաղաքական վերնախավի հետ ևս լայնածավալ աշխատանք կատարել: Քարվաճառյան սկզբունքների իրացման փուլում պետք է մեկուսացվեն Մադրիդյան սկզբունքները և նման քաղաքական գործիչները, քանի որ թե մոտեցումը, թե նրա կրողները մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի համար:

90-ականներին Հայաստանը կանգնած էր պատմության լուսանցք անցնելու վտանգի առաջ, սակայն հայ ժողովուրդը ոչ միայն կարողացավ չեզոքացնել այդ վտանգը, այլ նաև կենսական նշանակության տարածքներ ազատագրեց Հայոց պետականության կայացման համար: Այսօրվա գլխավոր մարտահրավերներից են 42 հազ. ք. կմ տարածքի անձեռնմխելիության և անսակարկելիության հաստատումը, ինչպես նաև Սահմանադրական կարգի հաստատումը այդ տարածքումը: Վերջիններիս իրականացման հիմքերից մեկը կլինի Քարվաճառյան Հռչակագիրը»,- իր հոդվածում գրել էր Գրիգորյանը:

168.amգրել էր, թե երբ և ինչպես փոքրացավ Արմեն Գրիգորյանի և գործող իշխանությունների երազանքների տարածքը՝ 42.000 քկմ-ից մինչև 29.800 քկմ և ավելի քիչ:

Մասնավորապես, հիշեցրել էինք, որ 2019 թվականի հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել էր N զորամաս, որտեղ կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում նա իր ելույթում մասնավորապես նշել էր.

«Ազատությունը և ինքնիշխանությունը դարեր շարունակ եղել են մեր նախնիների և մեր երազանքը: Այսօր այդ երազանքների մի զգալի մասն արդեն իրականացվել է: Մեր ազատություններն ու միասնական երազանքները պաշտպանված են 42.000 քկմ տարածքի վրա:

Մենք ուժեղ ենք, երբ գործում ենք մեր դավանած արժեքների տրամաբանության շրջանակներում: Բայց եթե մենք մեր դավանած արժեքների պաշտպանության հարցում զիջման գնանք, մենք կբռնենք պարտության ուղին, որովհետև մեր ուժը գալիս է ոչ միայն մեր բանակի հզորությունից ու սպառազինությունից, այլ նաև մեր դավանած արժեքներից, դրանք են` ազատությունը, անկախությունը և ժողովրդավարությունը»:

Արմեն Գրիգորյանն այդ օրը նաև ասել էր՝ «Հադրութի և Մարտակերտի դիրքերը պաշտպանող զինվորն ապահովում է Մեղրիի ու Աշոցքի քաղաքացիների և զինվորների անվտանգությունը»:

Բայց արի ու տես, որ Քարվաճառյան սկզբունքները դավանող Արմեն Գրիգորյանը հեշտությամբ 2020 թվականի նոյեմբերին համաձայնեց Քարվաճառի անկրակոց հանձնմանը, որը 44-օրյա պատերազմում, Ալիևի խոստովանմամբ, չեն կարողացել «ազատագրել»: Կամ Սերժ Սարգսյանին «Աղդամն իր հայրենիքը» չհամարելու համար մեղադրող Արմեն Գրիգորյանը դարձյալ 44-օրյայի ավարտին դեմ չեղավ դրա անկրակոց հանձնմանն Ադրբեջանին:

Իսկ ի՞նչ էր նկատի ունեցել Սերժ Սարգսյանն իրականում:

«Ընդհանրապես ցանկացած երկրի, այդ թվում և՝ մեր սահմանները անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը։ Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Եթե բանակցային պրոցես է գնում, ու դու փորձում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, նրա մոտ միայն հեգնանք է առաջանում,– ասել էր նա և հավելել,- Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը: Դրա մասին մենք հայտարարել ենք 1992 թ., 1994 թ., հայտարարում եմ հիմա: Միգուցե իմ հայտարարությունը դիվանագիտական չէ, բայց սա է»:

Հետաքրքիր է՝ այստեղ երկու կարևոր միտք կա, որն անտեսվել էր՝ «սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ես անցկացնել այդ սահմանը» և «այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»:

Այս ճշմարտությունը շատ լավ հասկացել է ադրբեջանական կողմը, որով էլ, ըստ էության, առաջնորդվում է, իսկ Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը ստիպված են լինում «տեղավորվել» այն սահմաններում, որը գծում է Ադրբեջանը՝ շարունակելով փոքրացնել «Քարվաճառյան սկզբունքների» պաշտպանությանը հանձնված տարածքը: Իսկ Ադրբեջանին չի բավարարում նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ճանաչած 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը…

Տեսանյութեր

Լրահոս