Հայաստան–Լատվիա․ նոր շրջափուլ՝ հաղթանակի սպասումով
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի նոր խաղարկությունը կսկսի սեփական հարկի տակ։ C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Լատվիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։
Երկու թիմերն էլ նոր մրցաշրջանը սկսում են իրենց վերջին արդյունքները բարելավելու ակնկալիքով։ Հայաստանի հավաքականի համար հատկապես կարևոր է հաջող մեկնարկը․ վերջին շրջանում թիմը չի կարողացել կայուն արդյունքներ գրանցել։
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը վեց հանդիպումից միայն մեկում է հաղթել՝ սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասնելով Իռլանդիայի նկատմամբ։ Մնացած հինգ խաղերն ավարտվել են պարտությամբ։ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում Հայաստանի ընտրանին նույնպես չկարողացավ պահպանել տեղը B լիգայում՝ անցումային հանդիպումներում երկու անգամ պարտվելով Վրաստանին՝ 0:3 և 1:6 հաշվով։
Այս տարի Հայաստանի հավաքականը երեք ընկերական հանդիպում է անցկացրել, սակայն դրանցից ոչ մեկում չի հաղթել։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվել է Բելառուսին՝ 1:2 հաշվով, իսկ այնուհետև ոչ-ոքի է խաղացել Ղազախստանի և Մոլդովայի հետ՝ համապատասխանաբար 1:1 հաշվով։
Լատվիայի հավաքականի վերջին շրջանի վիճակագրությունն էլ առանձնապես տպավորիչ չէ։ Այս տարվա մարտին լատվիացիները Ազգերի լիգայի անցումային խաղերում կարողացան խուսափել D լիգա նահանջելուց՝ երկու անգամ 1:0 հաշվով հաղթելով Ջիբրալթարին։
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Լատվիան իր խմբում զբաղեցրել է նախավերջին տեղը՝ առաջ անցնելով միայն Անդորրայից։ Ամռանը Պաոլո Նիկոլատոյի թիմը մասնակցել է ամենամյա Բալթյան գավաթին, որտեղ երկու հանդիպումներում էլ չի հաղթել։ Լիտվայի դեմ խաղում լատվիացիները պարտվել են 11-մետրանոցների հարվածաշարում, իսկ այնուհետև 0:1 հաշվով զիջել են Ֆարերյան կղզիներին։
Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ թիմի համար Լատվիայի դեմ հանդիպումը նոր փուլի մեկնարկ է։
«Առաջիկա խաղը կլինի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր պատմությունը։ Ինձ համար կարևոր է, որ մասնակցեմ խաղերին, ու բնավ կարևոր չէ, թե որ դիրքում եմ խաղում։ Ինչ վերաբերում է Ազգերի լիգայի այս մրցափուլին, ապա միշտ էլ շանսեր լինում են։ Հիմա ամեն ինչ մեզնից է կախված»,- ասել է Սպերցյանը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն էլ նշել է, որ թիմի հիմնական նպատակը մեկն է՝ հաղթել և առաջ շարժվել։
«Մեր ցանկությունն այն է, որ հաղթենք առաջիկա խաղում։ Չեմ ուզում խոսել խնդիրների ու կորուստների մասին։ Ազգային թիմում հրաշալի մթնոլորտ է։ Առաջիկա խաղում դուք կտեսնեք այն հավաքականին, որը մարտական է տրամադրված»,- ասել է Մելիքյանը։
Մարզիչը շեշտել է նաև, որ հաղթանակի կարիք ունեն ոչ միայն ֆուտբոլիստները, այլև երկրպագուները։
«Առաջադրանքը մեկն է՝ հաղթել, շարժվել առաջ։ Ունենք խաղային պլան։ Խնդիրը չորս խաղի համար պաշար ունենալն է։ Մենք ունենք ներքին վստահություն։ Եթե չստացվի հաղթել, ապա մենք պրոֆեսիոնալներ ենք, չենք վհատվելու, շարժվելու ենք առաջ»,- ընդգծել է նա։
Իր հերթին Լատվիայի հավաքականի դարպասապահ Ֆրենկս Դավիդս Օրոլսը նշել է, որ թիմը Երևանում դրական տրամադրվածությամբ է և պատրաստ է նոր շրջափուլի մեկնարկին։
«Լավ, դրական զգացողություններ են։ Սա նոր շրջափուլ է՝ նոր հնարավորություններով, ուստի ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար»,- ասել է Օրոլսը։
Լատվիայի դարպասապահի խոսքով՝ առաջիկա հանդիպման կարևոր բաղադրիչներից մեկը լինելու են մենապայքարները։
«Գլխավորը լինելու են մենապայքարները։ Եթե մենք հաղթենք դրանցում, ապա կարող ենք հուսալ և մտածել դրական արդյունքի հասնելու մասին»,- նշել է նա։
Օրոլսը անդրադարձել է նաև Լատվիայի հավաքականի երիտասարդ նորեկներին՝ Մարկուս Ստրոդսին և Ալբերտ Ալեքսանյանին։ Նրա խոսքով՝ երկուսն էլ լավ են հարմարվել թիմին և ունեն ներուժ։
Հայաստան–Լատվիա հանդիպումը երկու հավաքականների համար էլ Ազգերի լիգայի նոր շրջափուլի առաջին փորձությունն է։ Հայաստանի թիմը սեփական հարկի տակ մեկնարկում է հաղթանակի հստակ նպատակով, իսկ Լատվիան Երևանում կփորձի կոտրել վերջին տարիների անհաջող շարքը։
C2 խմբի մյուս հանդիպումներում Հայաստանի և Լատվիայի մրցակիցներն են։

