Տանը նստած հարստանում են, Երևանում տուն գնելը դառնում է թրենդային. Նիկոլ Փաշինյան

Վարձերի և անշարժ գույքի գների բարձրացման պայմաններում կառավարությունը շուկայական գործընթացներին կոշտ միջամտություն չի նախատեսում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունում նախնական եզրակացությունն այն է, որ նման միջամտությունն այնքան էլ ճիշտ չի լինի։

««Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է, քանի որ գնում են, վարձով են տալիս, և այդ գույքն ունի բարձր լիկվիդայնություն։ Իհարկե, անշարժ գույքի գները հավելյալ աճում են։ Ես վարձով բնակվող քաղաքացիներից նամակներ եմ ստանում այդ թեմայով, բայց մյուս կողմից՝ նրանց համար, ովքեր ունեն սեփական անշարժ գույք, գների բարձրացումը լավ նորություն է. մարդիկ իրենց տանը նստած պարզապես հարստանում են։ Սակայն մեր նախնական եզրակացությունն այն է, որ շուկայի պրոցեսներին կոշտ միջամտություն չենք անելու, քանի որ դա այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց Փաշինյանը։

Նա միաժամանակ նշեց, որ կառավարությունը բնակարանային ապահովման խնդիրը փորձում է լուծել առանձին սոցիալական խմբերի համար նախատեսված ծրագրերով։ Առաջիկայում, նրա խոսքով, նախատեսվում է որոշում ընդունել բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման վերաբերյալ։

Նա անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին՝ նշելով, որ արդեն շուրջ 7000 շահառու աջակցություն է ստացել, իսկ ծրագրով նախատեսված է 10 հազար շահառու։

Փաշինյանը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդունել ուսուցչի կարգավիճակի մասին օրենք, որի շրջանակում ևս բնակարանային ապահովման ծրագիր կիրականացվի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31