«Միտումնավոր անփութություն». ԵՄ-ում գործունեություն ծավալող «Ռոսատոմ»-ը մեղադրվում է անվտանգության չափանիշները խախտելու համար․ POLITICO
POLITICO-ի ձեռք բերած ներքին փաստաթղթերի համաձայն՝ Հունգարիայում ատոմակայան կառուցող ռուսական պետական կորպորացիան մեղադրվում է նույն տեխնոլոգիայով Եգիպտոսում կառուցվող նախագծում անվտանգության խախտումների համար։
Հունիսի 4-ին «Ռոսատոմ»-ի ղեկավարին ուղղված գաղտնի նամակում Եգիպտոսի ատոմակայանների վարչությունը նկարագրում է «թերություններ», որոնք ազդում են բազմաթիվ ռեակտորային բլոկների վրա։ Արձանագրվում են նաև «միջուկային անվտանգության մշակույթի» խախտումներ Էլ-Դաբաա ատոմակայանը կառուցելիս։ Նամակում նաև նշվում է նախագծի պաշտոնյայի կողմից «դիտավորյալ անփութության» մասին։
Փաստաթղթերի փաթեթը POLITICO-ին է տրամադրվել հետախուզության պաշտոնյայի միջոցով։ Այն ներառում է ընկերության գաղտնի փաստաթղթեր, որոնք նկարագրում են շինարարության հետաձգումները և ինժեներական մտահոգությունները, որոնք ի հայտ են եկել «Ռոսատոմ»-ի կողմից նախագծի ստուգումներից հետո։
2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Եվրոպան ՌԴ-ի նկատմամբ լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել, սակայն «Ռոսատոմ»-ը փորձել է համոզել եվրոպական կառավարություններին, որ այն մնում է հուսալի և կոմպետենտ մատակարար ատոմային էներգիայի շուկայում։ Սակայն անվտանգության խախտումների մեղադրանքները կարող են խորացնել ԵՄ-ում Կրեմլի կողմից վերահսկվող ընկերության գործունեության վերաբերյալ առկա մտահոգությունները։
Էլեկտրոնային փոստով POLITICO-ին ուղղված հայտարարության մեջ «Ռոսատոմը» նշել է, որ պահպանում է միջուկային անվտանգության ամենաբարձր մակարդակը, և դա արել է Էլ-Դաբաայի շինարարության ամբողջ ընթացքում։ Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք ստացե՞լ է Եգիպտոսի ատոմակայանների վարչության բողոքները։
«Աշխատանքի կազմակերպման բարձր մակարդակը, որակի կառավարման համակարգը և անվտանգության մշակույթը հաստատվում են Ռուսաստանի Դաշնության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքական ղեկավարության, ինչպես նաև Միջազգային ատոմային էներգիայի գործակալության ղեկավարության կողմից նախագծին ցուցաբերվող շարունակական ուշադրությամբ, որի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են նախագծի կարևորագույն փուլերին», – էլեկտրոնային փոստով հայտնել է ընկերությունը։

